Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները վաղը Մոսկվայում կքննարկեն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգից մանրամասնում են Կրեմլից ու Հայաստանի կառավարությունից։
Մեկ ամսից կլրանա նոյեմբերյան հայտարարության մեկ տարին, սակայն մինչ օրս չեն կատարվել գերիների վերադարձի ու տարածաշրջանային ապաշրջափակման դրույթները։ Ադրբեջանը չի վերադարձել բանտերում պահվող բոլոր գերիներին։ Ավելին՝ այս հարցն անգամ չէր ընդգրկվել հունվարյան եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման օրակարգում։
Թե ինչու չի հաջողվում Հայաստանի ղեկավարությանը հայ գերիներին վերադարձնել, և որքանով է առհասարակ իրագործվել այս հայտարարությունները, Փաշինյանի թիմակիցները խուսափեցին տեսակետ հայտնել։
Արդյո՞ք վաղը Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Սյունիքի «միջանցքի» հարցը, որը Ադրբեջանը կկապի նախիջևանի հետ։ Պաշտոնական հաղորդագրություններում այս մասին խոսք չկա։
«Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանն այս հարցի քննարկումը հավանական է համարում։ «Ազատության» կիրակնօրյա վերլուծականի եթերում ասել է, թե միջանցք կլինի միայն այն դեպքում, եթե այն ամբողջությամբ վերահսկի Ռուսաստանը. - «Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը շահագրգռված կլինի նաև, որպեսզի մի հատ էլ էդպիսի միջանց լինի Նոյեմբերյանի հատվածում, ասենք Ոսկեպարի հատվածում։ Դա այն հատվածն է, որտեղ Ադրբեջանի հայտնի անկլավներից մեկն է, և որը տանում է ճանապարհը դեպի Վրաստան։ Այսինքն՝ Ռուսաստանը այսօր ունի հնարավորություն Հայաստանի տարածքում երեք, չորս... քանի միջանց ասեք իր վերահսկողության տակ պահել ու, դրանով իսկ, ազդեցության իր լծակները ունենալ»։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ռուսաստանը կփորձի համոզել Հայաստանին համաձայնել ռուս-թուրքական ծրագրին, և որ ռուսական զորքը վերահսկի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչը, ըստ Գրիգորյանի, նշանակում է, որ եթե Հայաստանը համաձայնի, ամբողջությամբ կկորցնի ինքնիշխանությունը. - «Ռուսաստանը ու Թուրքիան չեն թաքցնում իրանց պլանները, որ Հարավային Կովկասի հարցերը իրենք միասին լուծեն։ Ու այս կոնտեքստով կգործի Ռուսաստանը, նաև այդ թվում, փորձել անջատել Հարավային Կովկասը դե ֆակտո Եվրոպայից։ Էդ առաջինը։ Երկրորդը, Հարավային Կովկասի ներսում ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ նույն էդպես կոչված «Զանգեզուրի կորիդորը» իրա վերահսկողության տակ վերցնի։ Ու իրոք, էդ թեմաները գլխավորը կլինեն»։
Նոյեմբերի հայտարարությամբ ամրագրվել էր նաև, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Սակայն այս կետի իրագործման հարցում էլ որևէ քայլ չի կատարվել։
Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգում են նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հարցեր:
Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին երեք ամիս առաջ՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանին շնորհավորելով՝ Պուտինը կարևորել էր ժողովրդի վստահությունը «դժվար հարցերը կարգավորելու համար», սակայն չէր մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։
Մոսկվա է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկացմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում Հայաստանի ու Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումից բացի նախատեսված է տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում։
Թեև Մայր Աթոռից չեն նշել Ադրբեջանի հոգևոր առաջնորդի անունը, սակայն Գարեգին Երկրորդի և Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման մասին ավելի վաղ գրել էին ադրբեջանական աղբյուրները։ Պատերազմից հետո նրանք առաջին անգամ են հանդիպելու։
Երկօրյա այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցելու է Արցախի թեմի առաջնորդը։
Երեկ Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պաշտպանական գերատեսչությունը դեռ նրա հանդիպումների մասին որևէ տեղեկատություն չի տրամադրել։