Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի սահմանապահները հերքում են իրանցի գործընկերների մեղադրանքները


Իրանի սահմանին գտնվող Խոդաֆերինի կամուրջը
Իրանի սահմանին գտնվող Խոդաֆերինի կամուրջը

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Գուդարզիի վերջին հայտարարություններին։ Դրանցում իրանցի զինվորականը պնդում էր, որ «իսրայելցիները ներկա են իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Նրանց հստակ թիվը սակայն հայտնի չէ»։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունում, սակայն, հերքում են իրանցի գործընկերների մեղադրանքները՝ նշելով, որ «Ադրբեջանական հանրապետության սահմաններին երրորդ երկրների ներկայացուցիչներ երբեք չեն եղել, չկան և չեն լինի»։

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները նաև պնդում են, որ գերատեսչությունը օժտված է երկրի սահմանների պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ ժամանակակից միջոցներով և «օտար ուժերի աջակցության կարիքը չունի»։

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն և Թեհրանը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարում էին, թե չեն հանդուրժի սիոնիստների և ահաբեկիչների ներկայությունն իրենց սահմանների անմիջական հարևանությամբ:

Ի պատասխան, Իլհամ Ալիևը նախօրեին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցի ժամանակ զգուշացրել է Իրանին՝ չխառնվել իրենց ներքին գործերին։

Միմյանց ուղղված սպառնալիքներին զուգահեռ կողմերը նաև զինուժի ցուցադրություն սկսեցին․ նախ Ադրբեջանի հետ սահմանին Իրանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց, ապա Նախիջևանում համատեղ վարժանքներ սկսեցին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը:

XS
SM
MD
LG