Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման «անխուսափելիության» մասին։

Բանակցությունների շարունակումն անհրաժեշտ է, քանի որ այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, հինգշաբթի օրը հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Փրայսը հավելել է՝ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը, և նշել՝ Թեհրանը ևս վերջերս հայտարարել է, որ կվերադառնա բանակցություններին «մոտ ժամանակներս»: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս » սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», - նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:

«Մենք կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեին», - հայտարարել է Նեդ Փրայսը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը քննարկել են Վիեննայում «միջուկային գործարքի» շուրջ անուղղակի բանակցությունների վերսկսման հարցը: Փրայսը նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին:

Այս տարվա գարնանը Վիեննայում բանակցություններ են սկսվել 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցով, որից Միացյալ Նահանգները՝ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, 2018-ին միակողմանիորեն դուրս է եկել՝ վերականգնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։

Անցած ամիս Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները, բայց ոչ արևմտյան երկրների «ճնշման» ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG