Մատչելիության հղումներ

«Անվտանգության տեսանկյունից մենք միգուցե ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք». Քոչարյան


Երկրորդ նախագահ, այժմ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանը պատրաստ չէր միանշանակ ասել՝ ինքը Ռուսաստանի հետ միութենական պետության կողմնակից է, թե՞ նրա համար բացարձակ ու անսակարկելի արժեք է Հայաստանի անկախությունը։

«Հիմա ես պատրաստ չեմ Ձեր հարցին պատասխանել միանշանակ: Ես կարծում եմ` մենք պետք է հասկանանք` մեր անկախությունը ինչքանով է վտանգված հիմա, զուտ անվտանգության տեսանկյունից իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք միգուցե ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք», - ասաց նա:

Նախկին նախագահն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որը մոտ 2 ժամ տևեց, բայց որի ընթացքում նա որևէ նոր նախաձեռնությամբ հանդես չեկավ։ Ինչպես մեկնաբանվեց՝ Քոչարյանի խոսքի հանրային պահանջ կար, դրա համար էր որոշել հանդիպել լրագրողների հետ։

Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Քոչարյան

Խոսեց պատերազմից ու պարտությունից, հիմնականում կրկնեց նախկին վարկածները, կարծիք հայտնեց, որ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Արցախի հետ կապված բոլոր հարցերը, ըստ նրա, իշխանությունները հանգիստ հասցեագրում են ռուսական կողմին։

Հատուկ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանի համար «խաղաղության դարաշրջան» բացելու թեզին` ասելով. «Լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հետապնդելու ժամանակ: Զավեշտալին, գիտեք, ինչ է` այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, այսօր դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես` քեզ են քննարկում առանց քո մասնակցության: Հիմա կարելի՞ է ինչ-որ բան փոխել այս ամեն ինչի մեջ: Իհարկե, կարելի է. այս մարդիկ պետք է գնան: Ընդհանրապես ծնկների վրա կանգնած` բանակցելն ուղղակի հարմար չի, չոքած, որովհետև հոգնում է մարդ, և հատկապես դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»:

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Իշխանությունը Անկարայի հետ բարձր մակարդակի երկխոսության պատրաստակամություն է հայտնել։ Գնալու ենք խնդրող-աղաչողի դերում, Քոչարյանը նաև հայ-թուրքական հնարավոր գործընթացից դժգոհությունը չթաքցրեց: Ասաց՝ իր նախագահության օրոք հետևյալ բանաձևն է եղել՝ հարաբերությունների պատրաստ են, առանց նախապայմանների։ Թուրքիան է մշտապես երկկողմ հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի հարցով. «Վերջերս Էրդողանի հայտարարությունը մոտավորապես հետևյալն էր` այդ միջանցքի հարցերը լուծեք, մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել և քննարկել նաև Հայաստանի հետ: Այսինքն` բան չի փոխվել: Փոխպակվածությունն է ինձ համար անընդունելի այստեղ, բայց ինչո՞ւ մենք պետք է դեմ լինենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե այդ հարաբերությունները պետք է հաստատվեն և կարգավորվեն առանց նախապայմանների:

Ես ի ծնե հակաթուրքական տրամադրություններով չեմ: Այո, զգույշ ենք»:

Պարտությունը տգիտությա՞ն, թե՞ դավաճանության հետևանք է, ըստ Քոչարյանի` չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին, մինչև դա չհերքվի քննությամբ, ընդ որում՝ ընդդիմության ակտիվ ներգրավվում են ակնկալում. «Շատ են չէ՞ խոսում հանձնաժողով ստեղծելու մասին: Պետք է հասկանանք` այդ ֆունդամենտալ սխալ որոշումները ում կողմից են կայացվել. եթե նախաձեռնողը եղել է բանակը, գլխավոր շտաբը, մեր գեներալիտետը, ապա դա մեկ հարց է, եթե այդ որոշումները, օրինակ, ջոկատներին անցնելու կայացվել են կառավարության կողմից, վարչապետի կողմից, դա ուրիշ հարց, բայց հիմա ես էլ եմ տեսնում, որ փորձ է արվում ստեղծել մի խումբ, որ կոռումպացված, թալանչի գեներալների գործունեության արդյունք է այս պատերազմում պարտվելը»:

Ռոբերտ Քոչարյանը լրագրողից էր խորհուրդ հարցնում՝ ի՞նչ անել. «Ասում եք` հարմարվել ենք, ի՞նչ անենք, խորհուրդ տվեք` ինչ անենք: Հիմա սա է, և ամենից մեծ խնդիրը, որ ըստ էության մեր ժողովրդի մի զգալի մասը հարմարվել է սրանց հետ, քվեարկել է սրանց օգտին, մենք մեզ չխաբենք, սա է պատկերը»:

Անցում փողոցային պայքարի

Հետո հստակեցրեց՝ պայքարելու են, նաև փողոցում, բայց ամեն ինչ պետք է նախ հասունացնել:

Փողոցային նոր պայքարի ժամկետներ Քոչարյանն այսօր չնշեց: Իսկ ժողովրդի հետ, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը, պետք է աշխատել ու համոզել։ Իրենց նպատակը այս իշխանությանը տուն կամ մի ուրիշ տեղ ուղարկելն է, արգումենտների պակաս չունեն՝ ինչո՞ւ։

«Ազատություն» . - Ետպատերազմյան փողոցային պայքարի արդյունքը հայտնի է, ընտրություններինը` նույնպես, մտավախությո՞ւն չունեք` ընդդիմության անհաջողությունը կրկնել: Նկատի ունեմ ետպատերազմյան շրջանում: Դուք ի՞նչ նախադրյալներ եք տեսել, որ սկսում եք փողոցի գործողություններ:

Ռոբերտ Քոչարյան. - Նույնիսկ եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանության դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա: Խոսքը գնում է զանգվածային պայքարի մասին: Եթե չհաջողվի հասնել այդ նպատակին, այո, ուրեմն չենք հաջողվելու: Մեզ ընտրողների 21 տոկոսը ձայն է տվել, հիմա պետք է փորձենք ակտիվացնել առաջին հերթին այդ զանգվածը, պիտի փորձենք համոզել մյուսներին, ովքեր ձայն են տվել այս իշխանությանը, որ իրենք սխալվել են»:

«Ազատության» հարցին ի պատասխան` նաև կոնկրետ ուժերի անուններ չտվեց՝ ում հետ են համագործակցելու փողոցային պայքարը վերսկսելիս։ Հայտարարեց՝ բոլոր այն ուժերի հետ, որոնք իշխանափոխության նպատակ են հետապնդում, եթե նրանց հետ անհաղթահարելի տարաձայնություններ չունեն. «Բոլոր այն ուժերի հետ, որոնք համարում ենք այս իշխանություններին դավաճան, հողատու, կապիտուլյանտ և այլն»:

Իր հաջորդի՝ Սերժ Սարգսյանի հետ կապը, ասաց, կա, բայց չկան պլանավորված գործողություններ, շփումը միայն խորհրդարանական խմբակցությունների մակարդակով է։

XS
SM
MD
LG