Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ։
Մեկ տարին անցել է, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանում վարչապետին էր փոխանցել հնչող մտահոգությունները, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Լաչինի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղները, այլև Շուշիի շրջանի՝ այժմ Հայաստանի վերահսկողության տակ 6 գյուղեր՝ այդ թվում Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր։
Փաշինյանն ասել էր, որ Երևանն այդ թեմայով որևէ բանակցության չի մասնակցում, բայց ինչ-որ պահից կմիանա Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների աշխատանքային քննարկումներին։
«Արդյո՞ք Ձեզ համար սկզբունքային կամ առաջնային է, որպեսզի չլինի մի այնպիսի երթուղի, որի արդյունքում թվարկածս գյուղերը որևէ պայմաններում որևէ կարգավիճակով չհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ», - հարցրել էր Աբրահամյանը։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել էր. - «Իհարկե մտահոգությունները կարող են լինել և պիտի բարձրաձայնվեն, բայց պարզ է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի ձեր նշած սցենարները տեղի չունենան»։
Լեռնային Ղարաբաղի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ասում է՝ հայկական մնացած համայնքներում կա վերադարձի հնարավորություն, նոր ճանապարհն էլ հնարավոր է այնպես կառուցել, որ հայերն այնտեղ շարունակեն ապրել. - «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է ճանապարհը նույնիսկ չփոխվի էլ, որովհետև, որքան տեսնում եմ, այդ ուղղությամբ ակտիվ գործընթաց չկա։ Ադրբեջանը փորձում է Բերձորը շրջանցող ճանապարհ կառուցել, հետևաբար ամեն ինչ կարող է լինել դրա հետ կապված»։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի՝ Քաշաթաղի շրջանն անցել է Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում մի քանի համայնքներ, սակայն, շարունակում են մնալ հայկական՝ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ։ Ճանապարհին նկարահանումներ խաղաղապահները թույլ չտվեցին։ Շրջկենտրոն Բերձոր քաղաք պատերազմից հետո վերադարձել են հատուկենտ մարդիկ, ապրում են սպասումով։
Քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի տվյալներով, երկու հազարից ավելի բերձորցիների տասը տոկոսն էլ տուն չի եկել, մինչև 200 մարդ հազիվ տեղավորված լինի քաղաքում՝ վեց տասնյակ ընտանիք։ Անվտանգության առումով լուրջ միջադեպեր այս մեկ տարում քաղաքապետը չի հիշում։ Ռուսները կկանգնեն սահմանին թե հայերը, Ալեքսանյանի խոսքով՝ կարևորը շփման գիծը պահվի. - «Ադրբեջանցիների հետ նույն տարածքում ապրելը չեմ կարծում, որ իրականում ռեալ ա։ Բայց, որպես հարևան, կա ինչ-որ գիծ՝ էդ գծից էս կողմ մենք ենք ապրում, էս գծից էն կողմ... մենք ունենք ամբողջ Հայաստանի տարածքով մեկ»։
Ադրբեջանական շարասյունն անցնելու օրերը բերձորցիները «թուրքի օր» են անվանում
Շաբաթական առնվազն երեք անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքով անցնում է ադրբեջանական շարասյունը. տեխնիկա, բեռներ, զինվորների են տեղափոխում։ Բերձորցիները «թուրքի օր» են անվանում, ռուսները զգուշացրել են՝ այդ ընթացքում փողոց դուրս չգալ, ադրբեջանցիների հետ չշփվել։
Ասում են՝ հեռանկարի բացակայությունն է, որ հարևանները չեն գալիս. նորից տուն-տեղ վերականգնեն՝ չիմանալով ինչ կլինի մի քանի տարուց։
Քաղաքապետը հիշեցնում է՝ եռակողմ փաստաթղթում նշված չէ, որ ճանապարհը պետք է շրջանցի Բերձորը, Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրած հայտարարությունում միայն կետ կա, որ Հայաստանի հետ կապը պահող երթուղին Շուշի չպիտի մտնի. - «Էս պահին գոնե ինձ հայտնի չի տեղանք, որտեղով պետք ա լինի նոր ճանապարհ։ Ասեմ ավելին՝ մենք էս պահին ունենք Բերձոր – Լիսագոր ասֆալտապատման պրոցես։ Չգիտենք վաղը ինչ կլինի, որ էսօր ասենք՝ այո, Բերձորը մնալու է հայկական, կարծում եմ, ճիշտ չի լինի։ Հակառակը ասենք՝ Բերձորը չի մնալու հայկական, դա ևս ճիշտ չի լինի»։
Այստեղ հիմնականում ապրում են 90-ականներին Հայաստանից վերաբնակեցվածները, հետո՝ նաև Սիրիայից ներգաղթած հայեր։ Տներին մոտեցած սահմանից իրենք են հեռացել՝ տեղավորվելով քաղաքի կենտրոնում դատարկված շենքում։
Լաչինի շրջանի 54 դպրոցներից միայն մեկն է մնացել, միջանցքի բնակավայրերի բոլոր դպրոցականները ամեն օր Աղավնո են հասնում։ Դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի խոսքով, տանը սպասող երեխաներ չկան, որ, օրինակ, վախենան գալ դասի։ 51-ն աշակերտներն էլ դպրոցում են. - «Ուսուցիչներն էլ, որոնք որ պատերազմի ընթացքում դուրս են էկած եղել գյուղից, վերադարձել են։ Ուսուցչի խնդիր էս պահին չունենք, մենակ ունենք ֆիզկուլտուրային ուսուցչի կարիք, շուտով էդ հարցն էլ կլուծվի»։