Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ. ԱԽ քարտուղար


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկ «Հանրայինի» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պետրոս Ղազարյանը հետաքրքրվել էր՝ արդյոք հայկական կողմը պատրա՞ստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ։

Օրերս Ադրբեջանի ղեկավարն էր հայտնել, թե դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել Հայաստանի ղեկավարին։

«Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել, քննարկել հարցեր, կարծում եմ, սա ավելի շատ պատասխան է, բնականաբար, մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, և եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»։

France 24-ին սեպտեմբերի վերջին տված հարցարզույցում Ալիևն ասել էր՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա։ Ադրբեջանի ղեկավարն արդեն իսպանական EFE լրատվական գործակալությանը հայտնել է՝ եթե հայկական կողմը պատրաստ է, ինքը ևս պատրաստ է հանդիպման։

«Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններ անցկացնել ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի։ Ես բաց եմ քննարկումների համար և համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ առ այն, որ պատերազմն ավարտված է, և մենք այդ էջը թերթել ենք», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ եռակողմ ձևաչափով էին հանդիպել։ Հունվարի 11-ին Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումն առաջին էր պատերազմից հետո: Այն տևել էր մոտ չորս ժամ: Դրանից հետո էլ երեք երկրների առաջնորդներն հայտարարություն էին ընդունել, որը վերաբերում էր տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն։

Ալեքսանդր Իսկանդարյանը Փաշինյան-Ալիև հանդիպումն իրատեսական է համարում

Փաշինյան-Ալիև հանդիպումն իրատեսական է համարում «Կովկասի ինստիտուտի» տնօրենը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է՝ հարց է միայն, թե արդյոք այդ հանդիպումը մոտ ժամանակներս տեղի կունենա։ Իսկանդարյանը համոզված է՝ պարտությամբ ավարտված պատերազմից հետո պաշտոնական Երևանը բանակցություններից չի կարող արդյունքներ կորզել, անգամ փոքր։

«Հայաստանը չունի ռեսուրսներ կամ էլ շատ քիչ ռեսուրսներ ունի, խոսքն անգամ նրա մասին չէ, որ լինի բանակցությունների իրավահավասար կողմ, այլ որպեսզի գոնե ինչ-որ կերպ պաշտպանի իր դիրքորոշումը։ Կարծում եմ, սա չի վերաբերում կոնկրետ անհատների. ով էլ լիներ, ով էլ վարեր այդ բանակցությունները 44-օրյա պատերազմից հետո, այդպես կլիներ, կրկնում եմ՝ Հայաստանը քիչ ռեսուրսներ ունի, և հենց այդ պատճառով՝ այս իրավիճակում, հիմա, եթե ընդունվեն ինչ-որ որոշումներ, դա կլինեն Հայաստանի նկատմամբ ճնշման հետևանքով», - ընդգծեց Իսկանդարյանը։

Իսկ այդ հանդիպման օրակարգում, ըստ քաղաքագետի, Սյունիքով անցկացվող միջանցքի ու խաղաղության պայմանագրի կնքման հարցն է լինելու։

«Խոսքը Հայաստանի տարածքով ճանապարհի մասին է, երկաթգծային ճանապարհ, հետագայում էլ հնարավոր է, անմիջապես, ավտոմոբիլային ևս, որով բեռնափոխադրումներ կիրականցվեն, նաև հնարավոր է ուղևորափոխադրումներ՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա, անգամ իրականում Նախիջևան էլ չէ, այլ հենց Թուրքիա, և այդ ճանապարհի անվտանգությունը հայերը չեն ապահովի, այդպես ասենք։ Խոսքը հենց դրա մասին է», - ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրենը։

Եթե խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ պաշտոնական Երևանից հստակ արձագանքեր չեն հնչում, ապա Սյունիքով միջանցք ստեղծելու Ալիևի հայտարարություներին, հայկական կողմը բազմիցս է հակադարձել՝ ամենաբարձր մակարդակով՝ Երևանը Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկում և չի քննարկի։

«Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Գրիգորյանը հայտարարում է՝ Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք չի կարող լինել՝ չբացառելով՝ միջանցքների բացման հնարավորությունը

Միջանցքների թեմային անդրադառնալիս, երեկ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Հանրայինի» եթերում հայտարարեց, որ Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք չի կարող լինել, բայց միևնույն ժամանակ չբացառեց՝ միջանցքների բացման հնարավորությունը։

«Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող, միջանցքներ կամ ճանապարհներ, որոնք հնարավոր է բացվեն, որպեսզի այն գոյություն ունեցող ճանապարհները, որոնք կան Հայաստանում բացվեն, որից նաև կարող են գտնվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվեն, այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ։ Մենք տեսնում ենք, որ հնարավորություն կա հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու, բայց դրա համար անհրաժեշտ է երկխոսություն, և մենք, քանի որ դրական ազդակներ են տեսնում, հնարավորություն ենք տեսնում հացերը քննարկելու և փոխադարձ հասկանալու», - ընդգծեց Գրրիգորյանը։

Թե ի՞նչ նկատի ունի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասելով «միջանցնքեր», արդյոք դրանք պետք է վերահսկվե՞ն Հայաստանի կողմից, հարցերն ուղղել ենք գրասենյակին՝ գրավոր, դեռ պատասխան չկա։

XS
SM
MD
LG