Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ուկրաինան Բայրաքթար ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել


Պուտին -Էրդողան հանդիպումից մեկ օր անց Անկարան և Մոսվկայի հետ հակամարտող Կիևը Bayraktar (Բայրաքթարների) անօդաչու թռչող սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Հաջորդ փուլում Թուրքիան և Ուկրաինան նախատեսում են արդեն Բայրաքթարների համատեղ արտադրություն։

«Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, ով անձամբ է ներկա գտնվել թուրք-ուկրաինական հուշագրի ստորագրման արարողությանը։

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Բայրաքթարների վճռորոշ դերակատարությամբ հիացած Ուկրաինայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, թե թուրքական այդ դրոնների ձեռքբերումը Կիևին կօգնի զսպել «ռուսաստանյան ագրեսիան տարածաշրջանում»։

Պաշտոնական Կիևը չէր թաքցնում՝ Բայրաքթարներ ձեռք բերելու որոշման վրա ազդել են նաև հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի արդյունքները։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ամիսներ առաջ պնդում էր, թե այդ սպառազինության արդյունավետությունը այլևս կասկածի տեղիք չի թողնում։

«Դրանում ոչ մեկին համոզելու հարկ չկա, դա ապացուցվել է Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների ընթացքում»,- ասել էր Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով` Կիևն այս պահի դրությամբ իր զինանոցում արդեն 12 Բայրաքթար ունի, առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Ոչ Անկարան և ոչ էլ Կիևն առայժմ չեն հստակեցնում սպառազինության գործարքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆինանսական կողմը։ Խոսքը, սակայն, ըստ ամենայնի հարյուրավոր միլիոնների հասնող գումարի մասին է։

Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, «Բայրաքթար»-ների մեկ խմբաքանակը, որն իր մեջ վեց անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կետ է ընդգրկում, արժե 70 միլիոն ամերիկյան դոլար։ Թուրք-ուկրաինական այս գործարքը Մոսկվայում անուշադրության չի մատնվել։ Կրեմլը շտապել է հիշեցնել այդ հարցում իր դիրքորոշման մասին. «Մի օր Ուկրաինան կարող է այդ սպառազինությունը օգտագործել սեփական ժողովրդի դեմ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է թուրքական կողմն արձագանքել Ռուսաստանի այս մտավախություններին, Պեսկովն ընդգծել է, որ այդ մասին պետք է հարցնել «թուրքական կողմին»: Վերջին ռազմական հակամարտությւոնները Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում Բայրաքթարը դարձրել են թուրքական պաշտպանական արդյունաբերության թերևս ամենահայտնի արտադրանքը։ Զենքը հայտնի է իր նորարարական որակներով՝ այն կարող է ինքնուրույն թռիչք և վայրէջք իրականացնել, օդում մնալ ավելի քան 12 ժամ, ինչը թույլ է տալիս մշտական օդային հերթապահություն իրականացնել և թիրախները որոշելուց հետո արագորեն շարժվել դեպի առաջնագիծ՝ հրթիռներ արձակելու համար։

Բայրաքթարը կարող է կրել կառավարվող հակատանկային հրթիռներ և օդային ռումբեր։ Թուրքիան աշխարհում 6-րդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից և Իրանից հետո, որը ինքնուրույն ստեղծել է հարվածային անօդաչու թռչող սարք և այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG