Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահների հրամանատարի երկրորդ փոփոխությունը՝ մեկ ամսվա ընթացքում


Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին, 25-ը սեպտեմբերի, 2021թ.
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին, 25-ը սեպտեմբերի, 2021թ.

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները նոր հրամանատար ունեն։ Ստեփանակերտում և հարակից շրջաններում տեղակայված ռուսաստանյան զորախումբն այսուհետ ղեկավարելու է գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։

Անցած շաբաթավերջին նրան ընդունեց Հայաստանի Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, իսկ նախօրեին Բաքվում կայացավ ռուսաստանցի գեներալի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ուշագրավ է, սակայն, որ խաղաղապահների հրամանատարի պաշտոնում Անաշկինի նախորդը՝ ընդամենը երեք շաբաթ առաջ ստորաբաժանման հրամանատարությունը ստանձնած Միխայիլ Կոսոբոկովը, Բաքվի հանդիպմանը ներկա չէր։ Դրա պատճառը թերևս այն դժգոհությունն էր, որ առաջացրել էր Կոսոբոկովի նշանակումը Ադրբեջանի իշխանական շրջանակներում։

Բաքվից հնչող բողոքների հիմնական պատճառը գեներալ Կոսոբոկովի կենսագրությունն էր։ Բաքվին մասնավորաբար դուր չէր եկել այն հանգամանքը, որ Կոսոբոկովը 2015-ից 2017 թվականներին զբաղեցրել էր Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը, մինչ այդ էլ ծառայել էր Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում։ Նշենք սակայն, որ ռուսաստանյան զորախմբի նորանշանակ հրամանատարի կենսագրությունը Կոսոբոկովինից շատ չի տարբերվում։

53-ամյա Գենադի Անաշկինը, ինչպես և իր նախորդը, ուղղակի առնչություն ունի հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների՝ մասնավորաբար վրաց-օսական հակամարտության հետ։ 2008-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմի ընթացքում Անաշկինի հրամանատարության ներքո գործող դեսանտային գունդը առաջիններից էր մուտք գործել Հարավային Օսիայի վարչական կենտրոն Ցխինվալի, դրանից հետո էլ, հետապնդելով նահանջող վրացական ստորաբաժանումներին, հասել էր Գորի՝ գրավելով քաղաքի մերձակայքում գտնվող գերիշխող բարձունքները։

Վրաստանի դեմ պատերազմի ավարտից երեք շաբաթ չանցած Ռուսաստանի նախագահը Անաշկինին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում էր շնորհել, իսկ Պաշտպանության նախարարությունը նրա ղեկավարած գունդը հռչակել էր տարվա լավագույն դեսանտային ստորաբաժանում։ Դա, ի դեպ, գեներալի առաջին առնչությունը չէր Կովկասի հետ։ Անաշկինը մասնակցել է թե՛ առաջին և թե՛ երկրորդ չեչենական պատերազմներին։ Մարտականից բացի Անաշկինը նաև խաղաղապահ գործողությունների որոշակի փորձ է ունի։ Ըստ մի շարք աղբյուրների, նա 90-ականների վերջին ծառայել է Բոսնիայում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ գումարտակի հրամանատարի պաշտոնում։

Բայց եթե երեք շաբաթ առաջ, Միխայիլ Կոսոբոկովի պաշտոնավարման սկզբում, Ադրբեջանի փորձագիտական և մերձիշխանական շրջանակներից բողոքի ձայներ էին, հնչում, ապա այսօր, Անաշկիկի նշանակումից հետո, ամեն ինչ շատ ավելի հանդարտ է։ Բաքվեցի փորձագետների համոզմամբ՝ խաղաղապահների հրամանատարի անձը շատ քիչ նշանակություն ունի, քանի որ վերջնական որոշումները միևնույն է կայացվելու են Մոսկվայում։

«Խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի վրա ազդեցության գործիքներից մեկն է և դրա հրամանատարի ով լինելը զուտ տեխնիկական խնդիր է», - համոզված է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավարներից մեկը՝ Սուլհեդդին Աքփերը։

Ռազմական փորձագետ Ազադ Իսազադեյի համոզմամբ էլ Կոսոբոկովի փոփոխությունը կապված էր այն պահվածքի հետ, որ այդ զինվորական դրսևորել էր նախկինում՝ Ղրիմում և Աբխազիայում ծառայության տարիներին։ Իսազադեյի կարծիքով, սակայն, Կոսոբոկովի հեռացումն ու Անաշկինի նշանակումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը էականորեն չեն փոխի։ «Չեմ կարծում, որ նոր հրամանատարը չեզոք դիրք կբռնի», - նշում է ադրբեջանցի փորձագետը։

Մեկ այլ բաքվեցի վերլուծաբանի՝ Ազեր Ղասիմլիի կարծիքով էլ Կոսոբոկովի պաշտոնանկությունը Ադրբեջանի կողմից գործադրված դիվանագիտական ճնշման հետևանքն էր։ Դրա հետ մեկտեղ, նրա համոզմամբ, Կոսոբոկովի և Անաշկինի միջև էական տարբերություններ չարժե որոնել։ «Խաղաղապահները կատարելու են այն խնդիրները, որոնք իրենց առջև դնելու է Ռուսաստանի ղեկավարությունը։ Կարևոր չէ, թե ով է հրամանատարը՝ Կոսոբոկովը թե Անաշկինը, միևնույն է ռուսական զորախումբը Ադրբեջանի կամ Հայաստանի կարծիքը չի հարցնելու», - նշում է քաղաքագետը։

XS
SM
MD
LG