Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը բանակցություններ է սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ փոխադարձ վստահություն ստեղծելու համար


Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ, արխիվ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ, արխիվ

«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ երկու երկրների միջև փոխադարձ վստահություն ստեղծելու համար», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում։

Նա նշել է չկարգավորված հակամարտություններում երկխոսությանը մասնակցելու՝ Եվրոպայի կարևոր դերը ժողովրդավարական անվտանգություն ապահովելու համար և ասել, թե կարևոր է, որ Եվրոպայի խորհրդի կառույցներն անարգել մուտք ունենան այդ շրջաններ։

Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ կողմերի միջև հակամարտության կարգավորման համար վստահություն ստեղծելու միջոցները կարևորագույն գործոններից են, և քանի որ երկու երկրները չեն առարկում, այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

Նյու Յորքում մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացել էր Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է։

Հայաստանի արտգործնախարարը կարևորել էր նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը։

Ստրասբուրգում ԵԽԽՎ երեկվա նիստում ելույթում ԵԽ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը։ «Կենսականորեն կարևոր է, որ ԵԽ անդամ երկրները ամբողջովին կատարեն ՄԻԵԴ-ի վճիռները», - ասել է Պեյչինովիչ-Բուրիչը՝ ընդգծելով, որ այդ պարտականությունը քննարկման ենթակա չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG