Ակհայտ է, որ այստեղ կա առնվազն շահերի բախում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այսպես է արձագանքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությանը բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող շինարարական պատվերներ տալուն։
«Հետք» պարբերականն էր պարզել, որ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը շահել է Ապարանի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը և պայմանագիր կնքել: Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատուման համար ընկերությունը կստանա 287 մլն դրամ։
Մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենաէժան տարբերակը առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն։
«Իշխանության փոփոխությունի հետո էլ, երբ որ նման մրցույթներում զարմանալի օրինաչափությամբ հաղթում էին իշխանություն ունեցող անձանց մտերիմները, հարազատները, կամ նրանց հետ կապակցված անձինք, դա արդեն իսկ խոսում է կոռուպցիոն ռիսկերի մասին, և պետք է անպայման քննության առարկա դառնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։
Ֆինանսների նախարարության Armeps.am կայքից, որտեղ ներկայացված են մրցույթային փաստաթղթերը, տեղեկանում ենք, որ սա Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերության երկրորդ պայմանագիրն է։ Առաջինը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ այս տարվա հունիսի 17-ին։ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին նորոգման աշխատանքներ կատարելու համար ընկերությունը պետությունից ստացել է 368 մլն դրամ:
Ուշագրավ է, որ ըստ Արդարադատության նախարարության պետական ռեգիստի, ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի մարտի 18-ին՝ 50 000 դրամ կանոնադրական կապիտալով։ Պետռեգիստրում կա նաև «ԵվրոԱսֆալտ 1» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է արդեն 2021 թվականի փետրվարին և ունի ավելի քան 140 մլն դրամի կանոնադրական կապիտալ։ Այս երկրորդ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը ևս Ալեն Սիմոնյանի եղբայրն է՝ Կառլեն Սիմոնյանը։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում այս հարցին կարճ անդրադարձավ՝ ասելով, թե կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, չէ՞ որ եղել է մրցույթ, և այն հաղթել է Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը. - «Բանալի բառերը մրցույթ և հաղթել բառերն են, ու դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում մրցութային ընթացակարգով, եթե տիրապետում են կոռուպցիոն սխեմաների, մեխանիզմների, ի սեր Աստծո, թող բարձրաձայնեն։ Տվյալ ուսումնասիրողը քաջ կարող է հասկանալ ու հասկանում է, որ այդտեղ տեղի ունեցած պրոցեսը զուտ մրցութային պրոցես է»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ այս փուլում Սիմոնյանը հարցազրույցներ չի տալիս, հորդորեց հարցերը գրավոր ուղարկել։ Սիմոնյանի եղբոր հետ կապ հաստատել չհաջողվեց։
«Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը ասում է՝ մրցույթներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց հաջողակ լինելու հանգամանքը միշտ էլ կասկածներ տեղիք է տվել, և առնվազն լրացուցիչ քննության ու ուսումնասիրության առարկա պետք է դառնա հարցը , թե ինչքանով մրցակցային է եղել գործընթացը։
«Դա պետք է լրազոր մարմնի կողմից ինչ-որ ձևի մոնիտորինգի ենթարկվի, այսինքն՝ Ֆինանսների նախարարության, որովհետև հանրային գնումների լիազոր մարմինը Ֆինանսների նախարարությունն է», - հավելեց Հոկտանյանը։
Ժամանակին ԱԺ նախկին փոխնախագահ, հանրապետական Հեղինե Նաղդալյանի ամուսինն էր հաճախ մասնակցում պետության կողմից հայտարարված մրցույթներին ու ասֆալտապատման համար ամենահարմար գին էր առաջարկում։ Նրա հաջողակ լինելու մեջ նախկին ընդդիմադիրները մեկ անգամ չէ, որ կոռուպցիոն ռիսկեր են տեսել։
Նման համընկնումների մասին դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բավական շատ ելույթներ է ունեցել ու խնդրել իշխանավորներին կիսվել իրենց հարազատների հաջողության գաղտնիքներով։
«Էդքան խոսում են առավոտից իրիկուն կոռուպցիա դեմ պայքարից։ Ձեզ թվում ա կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի ա՞... Էս ա կոռուպցիան», - այս ելույթներից մեկում վրդովված ասել էր Փաշինյանը։