Մատչելիության հղումներ

ԱԶԲ-ն շուրջ երեք անգամ բարձրացրել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը


Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) շուրջ երեք անգամ բարձրացրել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մարտ ամսին կանխատեսած 1,8-ի փոխարեն 5,2 տոկոս։ ԱԶԲ-ն նաև հաջորդ տարվա կանխատեսումն է հրապարակել՝ ընդամենը 3,5 տոկոսանոց աճ։

Մինչդեռ կառավարությունը առաջիկա հինգ տարիներին նպատակ է դրել հասնել հասնել տարեկան ՀՆԱ-ի նվազագույնը 7, բարենպաստ պայմաններում՝ 9 տոկոսանոց աճի, ինչը, ըստ գործադիրի, կլինի 25 տոկոսը գերազանցող աղքատության կրճատման հիմնական շարժիչ ուժը։

Տնտեսագետներն այս ցուցանիշներին հասնելու հիմնավորումներն ու ուղղությունները կառավարության հնգամյա ծրագրում չեն տեսնում։

Բագրատ Ասատրյան
Բագրատ Ասատրյան

Տնտեսագետ, Կենտրոնական բանկը 1994-98 թվականներին ղեկավարած Բագրատ Ասատրյանի խոսքով, իշխանությունները ցույց չեն տալիս իրենց նպատակներին հասնելու ճանապարհները. - «Խոստումնալից են էն աճի տեմպերը, որ դնում են էդտեղ՝ յոթ տոկոս նվազագույն սցենարը, լավ սցենարով՝ ինը տոկոս։ Ինը տոկոսը իսկապես տպավորիչ թիվ է։ Բայց նույն ծրագրում ես չեմ տեսնում էն հիմնավորումները, էն ուղղությունները, էն երաշխիքները, թե ինչպես է աճի էդ տեմպը ապահովվելու»։

Ընթացիկ տարվա համար կառավարությունը 6 տոկոսանոց աճ է կանխատեսում, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ավարտին հրապարակված պաշտոնական կանխատեսումը։ Էկոնոմիկայի նախարարը իր հերթին շարունակում է հայտարարել՝ տարին Հայաստանը երկնիշ տնտեսական աճին մոտ ցուցանիշով կավարտի։

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը օրերս մեկ այլ հեղինակավոր կազմակերպության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2021-ի համար կանխատեսած 6,5 տոկոս աճին էր անդրադարձել. - «Էս պահին կարող ենք համարել 6,5 տոկոսը գործող հնարավոր կանխատեսումներից ամենահոռետեսականն ա։ Օրեցօր փոխվում են կանխատեսումները։ Մենք էսօր ունենք առաջին յոթ ամսվա ցուցանիշները՝ 5,2 տոկոս։ Երկու օր առաջ Կենտրոնական բանկը կանխատեսեց 5,4 տոկոս, որը, կարծում եմ, էլի շատ պեսիմիստիկ գնահատական ա»։

Բագրատ Ասատրյանի համոզմամբ, այս տարի երկնիշ տնտեսական աճ հնարավոր չէ ունենալ։ Ճգնաժամային 2020-ի կորուստները դժվարությամբ են վերականգնվելու։

Սուրեն Պարսյան
Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, կառավարությունն այս տարի հիմքեր չի դրել 2022-ին ՀՆԱ-ի նվազագույնը 7 տոկոս աճ ապահովելու համար. - «Տնտեսական ակտիվությունը հիմնականում պայմանավորված է ցածր բազիսային թվով նախորդի համեմատ։ Եվ երկրորդը, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտները աճը։ Այստեղ ղեկավարության միջամտությունը, մասնակցությունը ուղղակի չկա։ Համաշխարհային շուկայում մետաղի գները բարձր են, դրանով պայմանավորված՝ հանքարդյունաբերությունը ապահովում ա երկնիշ աճ։ Եվ եթե մենք համեմատենք մյուս ոլորտները՝ առևտրի ոլորտը, ծառայությունների ոլորտը, ապա կտեսնենք, որ մենք նույնիսկ նախաճգնաժամային փուլին չենք հասել»։

Պատերազմական ու համաճարակային 2020-ը Հայաստանը 7,4 տոկոսանոց տնտեսական անկմամբ էր փակել՝ 2009-ից ի վեր առաջին անգամ նվազում գրանցելով։

XS
SM
MD
LG