Մատչելիության հղումներ

Ասադը Թուրքիայից պահանջում է դուրս հանել զորքերը Սիրիայի տարածքից


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պահանջել է Թուրքիայից դուրս հանել զորքերը Սիրիայի տարածքից։

«Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Սիրիայի հյուսիսային տարածքներից և դադարեցնի Սիրիայի տարածաշրջանի «օկուպացիան»: Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում Թուրքիայի կողմից օկուպացված տարածքները ազատագրելու ուղղությամբ», - հայտարարել է Ասադը։

Թուրքիայի դեմ ուղղված այս հայտարարությունը Բաշար Ասադն արել է Պուտինի հետ անցած շաբաթ ունեցած մոսկովյան բանակցություններից հետո, ընդ որում՝ Ասադի այցը Մոսկվա հայտարարված չէր և Կրմելը բանակցությունների մասին կարճ հաղորդագրությունը տարածել էր Պուտին-Ասադ հանդիպումից հետո։

Իրավիճակը Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբում վերջին ամիսներին նորից լարվել է, և հենց Իդլիբն է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների սեպտեմբերի 29 -ին Սոչիում կայանալիք հանդիպման օրակարգի առանցքային հարցը։ Ռուս-թուրքական բանակցությունները Սոչիում արդեն հաստատել են և՛ Անկարան, և՛ Մոսկվան։

Bloomberg. Էրդողանը նախօրեին կարգադրել է Սիրիա ուղարկել մի քանի հազար զինվորական

Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կարգադրել է Սիրիա ուղարկել մի քանի հազար զինվորական՝ Իդլիբում էսկալացիա ստեղծելու և ռուս ու սիրիացի զինվորականների կողմից տարածաշրջանի գրոհը կանխելու համար: Ըստ թերթի՝ դա նպատակաուղղված է արվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ:

Ռուս վերլուծաբանները գրում են, որ պաշտոնական Անկարայի Ղրիմի բռնակցման մասին վերջին հայտարարությունները նույնպես հատուկ են արված Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, թե չի ճանաչում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները և Ղրիմը համարում է Ուկրաինայի անբաժան մաս: Նույն տրամաբանությամբ հայտարարություն երեկ՝ սեպտեմբերի 22-ին արեց նաև Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի ամբիոնից:

Պաշտոնական Մոսկվան սրանց շատ զուսպ պատասխանեց, հայտարարելով, թե առանց ուշադրության չի թողնի դրանք, սակայն գերադասում է շարունակել աշխատանքները իր գործընկեր Թուրքիայի հետ նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Անկարան հայտարարում է, որ մտադիր է ամեն գնով զսպել սիրիացի փախստականների հոսքը, որն իբր ավելացել է վերջին ամիսներին, և կտրուկ կավելանա, եթե Իդլիբում թեժ մարտեր սկսվեն։

Ասադը Ռուսաստանի իշխանությունների և զինվորականների ակտիվ աջակցությամբ կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Սիրիայի տարածքի շուրջ 90 տոկոսը և միայն Իդլիբն է մնացել Թուրքիայի և սիրիական ընդդիմության վերահսկողության տակ: Ասադը, սակայն, մտադիր է ռուսների օգնությամբ իր իշխանությունը վերահաստատել նաև այս շրջաններում, ինչին էլ ընդդիմանում է Էրդողանը։

Ըստ քաղաքագետի՝ Սիրիայի շուրջ տարաձայնություններն էին, որ ստիպեցին Անկարային կոշտ արտահայտվել Ղրիմի թեմայով

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովի կարծիքով՝ Սիրիայի շուրջ տարաձայնություններն էին, որ ստիպեցին Անկարային կոշտ արտահայտվել Ղրիմի թեմայով:

«Թուրքիան անհանգստացած է Իդլիբում ռուսական ինքնաթիռների ռմբակոծությունից, ինչը կարող է հանգեցնել փախստականների նոր հոսքի: Անկարայում ռուսների ակտիվությունը Իդլիբում միանշանակ ընկալում են որպես ճնշում Սոչիի բանակցություններից առաջ։ Մարտին Անկարայում Ռուսաստանի դեսպանն արդեն կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն այս հարցով: Դրանից հետո հրետակոծությունը որոշ ժամանակով հանդարտվեց, բայց մոտավորապես հունիսից դրանք նորից ակտիվացան: Հետևաբար, թուրքական իշխանությունները փորձում են ի պատասխան ճնշում գործադրել Մոսկվայի ցավոտ կետերի վրա», - քաղաքագետի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»:

Ռուսաստանցի վերլուծաբանները սրա հետ մեկտեղ նկատում են, որ ռուս -թուրքական հարաբերություններում վերջին 6-7 տարիներին, հատկապես, նման լարվածություն պարբերաբար առաջանում է, սակայն Պուտինն ու Էրդողանը հանդիպում են, քննարկում բոլոր սուր հարցերը և հետո հայտարարում, որ չնայած լուրջ տարաձյանությունների, վստահում են միմյանց և կշարունակեն միասին աշխատել։

XS
SM
MD
LG