Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է արտահայտվել փոփոխությանը, որը զգալիորեն խստացնում է պատժամիջոցները Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ:
Կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկած օրինագծի համաձայն՝ ամերիկյան ընկերություններին և ֆիզիկական անձանց կարգելվի երկրորդային շուկայում գնել նոր թողարկված ռուսական պարտատոմսեր:
ԱՄՆ ռազմական բյուջեի մասին օրենքի այս փոփոխությունն այժմ պետք է քննարկվի Կոնգրեսի վերին պալատի կողմից: Ինչպես նշում է Bloomberg-ը, նախագծի ճակատագիրը Սենատում դեռ պարզ չէ:
Շերմանն իր պաշտոնական կայքում հայտնում է, որ նոր սահմանափակումները նպատակ ունեն պատժել Ռուսաստանի իշխանություններին 2016, 2018 և 2020 թվականներին ամերիկյան ընտրություններին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հերքել է, թե նման միջամտություն եղել է:
Ապրիլին ԱՄՆ իշխանություններն արդեն արգելել են ամերիկացիներին գնել առաջնային շուկայում ռուսական պետական պարտատոմսեր:
Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում շրջանառվում է նաև տարեկան պաշտպանական ծախսերի մի օրինագիծ, որը կարող է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծի առնչությամբ՝ վտանգելով հուլիսին Բայդենի վարչակազմի և Գերմանիայի միջև ձեռք բերված համաձայնությունը: Ակնկալվում է, որ Պալատը քվեարկությունը կանցկացնի սեպտեմբերի 23-ին: Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու համար, այդուհանդերձ, կպահանջվի Սենատի հաստատումը և ԱՄՆ նախագահի ստորագրությունը:
Բայդենը այս ամռանը համաձայնել է պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ փորձելով հարթել հարաբերությունները Գերմանիայի հետ, որը պաշտպանում է գազամուղի շինարարությունը: Այդ քայլը հնարավորություն ստեղծեց խողովակաշարի շինարարության ավարտի համար:
Ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատ է ներկայացվել ևս մեկ օրինագիծ, որի հեղինակները Բայդենի վարչակազմին խորհուրդ են տալիս պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի 35 պաշտոնյաների, գործարարների և պետական լրատվամիջոցների ղեկավարների նկատմամբ, ովքեր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմից մեղադրվում են քաղաքացիական իրավունքների խախտման և կոռուպցիայի մեջ: