Մատչելիության հղումներ

Միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների


Միջանցքային տրամաբանությունը ընդունելի չէ հայկական կողմի համար, խոսնակի միջոցով հաղորդում է Հայաստանի վարչապետը այն բանից հետ, երբ երեկ Թուրքիայի նախագահը նախ նշել էր, թե Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել, ապա կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին՝ պնդելով, որ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։

Հայաստանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ շփումների, վերահաստատում է Մանե Գևորգյանը, բայց առայժմ Երևանի ու Անկարայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել։

«Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունների իրագործումը», այդ թվում՝ կոմունիկացիաների բացումը, նշել Գևորգյանը, ավելացնելով սակայն, որ «որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը», հաղորդել էր խոսնակը։

«Միջանցքների մասին խոսակցությունը ոչ միայն նպատակ ունի մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ», - հայտնել է Գևորգյանը:

Առանց կոնկրետ օրինակներ նշելու, վարչապետի խոսնակը ասում է, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը այլև այն առավել համակարգված դարձնելը:

«Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն», -«Արմենպրես»-ին ասել է վարչապետի խոսնակը:

Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանին հանդիպման առաջարկ անելուն, Գևորգյանը հայտնել է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ և Փաշինյանը միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում, սակայն դեռևս որևէ հանդիպում տեղի չի ունեցել։

Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի վեհաժողովին մեկնելուց առաջ տարակուսանք էր հայտնել, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ հանդիպելու ցանկություն հայտնում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից փոխնախագահն ասում է՝ ակնհայտ է, որ Թուրքիան նախապայմաններ է դնում։

«Խնդիրը խոսել-չխոսելը չէ, խնդիրն այն է՝ խոսել ինչից ու ինչի հաշվին, եթե շատ հստակ Էրդողանը պահանջ է դնում, որ կհանդիպեմ և դիվանագիտական հարաբերություններ կահստատեմ, եթե ընդունեն մեր նախապայմանները, այդ դեպքում, բնականաբար, որևէ խոսելու բան չկա: Իսկ եթե խոսելու պայմանը նախապայմաններն ընդունելն է, ինչի՞ց խոսենք, ո՞վ իրավունք ունի մեր ժողովրդի իրավունքները դնելու հարցականի տակ», - ասաց Իշխան Սաղաթելյանը

ՀՅԴ ներկայացնող Իշխան Սաղթելյանի համար անընդունելի են հետևյալ նախապայմանները, եթե Թուրքիան պահանջի հրաժարվել Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, Արցախի հարցից, ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և այլն։ Իսկ ՀՅԴ-ն եթե ունենար իշխանություն, այսօր էլ կխոսեր Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների:

«Ես Թուրքիայի հետ կխոսեի Ցեղասպանության միջազգային ճանաչումից, կհասկանայի իրենք ընդունելո՞ւ են դարասկզբի իրենց արած հանցագործությունը, թե ոչ, ու խոսակցության սկիզբը կսկսեի դրանից, այլ ոչ թե զիջումներից», - ընդգծեց Սաղաթելյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյան

2008-ին ֆուտբոլային դիվանագիտություն նախաձեռնած ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան հրավիրած 3-րդ նախագահ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը դատապարտելի է համարում, որ Հայաստանի իշխանությունները նրա ձևակերպմամբ գաղտնի գործընթաց են վարում Թուրքիայի հետ երկխոսելու ուղղությամբ, ինչի մասին հանրությունը տեղեկանում է Էրդողանից, ոչ թե Փաշինյանից։

«Հիշեցնեմ, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և պառլամենտական վերահսկողությունը, այն էլ սենց իշխանությունների պարագայում, պարտադիր է», - ասաց Մամաիջանյանը:

2008-ին հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները հաստատելու փորձի ժամանակ ևս տեղի էին ունեցել դիվանագետների գաղտնի հանդիպումներ, համենայն դեպս նախագահ Սարգսյանը այն ժամանակ նշել է, որ «որևէ պատճառ չկա զարմանալու համար, նման հանդիպումները հայ և թուրք դիվանագետների միջև երբեք չեն ընդհատվել: Դրանք միշտ տեղի են ունեցել»։

Այնուամենայնիվ, այսօր Հայաստանը գնում է Թուրքիայի նախապայմանները ընդունելու ճանապարհով, ինչը ՀՀԿ-ն 2008-ին չի արել, պնդում է Մամիջանյանը, թեև Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով նշել է, որ Սյունիքով անցնող միջանցքի պայմանը ընդունելի չէ Հայաստանի համար։

«Ամբողջությամբ ձախողած արտաքին քաղաքականության, այդ թվում նաև այս փուլի մակարդակով, որովհետև Հայաստանի արտաքին հարաբերությունների խոսույթի մեջ բացակայում է դեօկուպացիայի խնդիրը: Այնպես որ այս համատեքստում խոսել հայ-թուրքական հարաբերությունների նման սուսով հիմնման մասին, պարզապես հակահայկական գործունեություն է», - ընդգծեց Մամիջանյանը:

Հանրապետականը հիմա էլ, եթե լիներ իշխանության, Թուրքիայի հետ կփորձեր երկխոսել առանց նախապայմանների, իսկ եղած պայմաններում՝ պարզապես չէր խոսի, ասում է պատգամավորը։

XS
SM
MD
LG