Մատչելիության հղումներ

Երևանը պատրաստ է Անկարայի հետ բարձր մակարդակի երկխոսության, եթե արդյունավետ շփումներ սկսվեն. վարչապետի խոսնակ


Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ
Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան, արխիվ

Հայաստանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսություն սկսել, եթե արդյունավետ շփումներ սկսվեն Երևանի և Անկարայի միջև: Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետը խորհրդարանի վերջին նստաշրջանի ընթացքում պատմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու իր տեսլականի մասին՝ հայտարարելով, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ։ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական դեմքերի միջև դեռևս չեն եղել շփումներ, չնայած Հայաստանի գործադիրը պատրաստ է նման շփումների։ Նման արդյունավետ աշխատանքի դեպքում Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Գևորգյանը։

Արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռակա ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նախ Հայաստանի վարչապետը նշեց, թե դրական ազդակներ կան Անկարայից, ապա Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարեց, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա:

Երեկ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։ Ի պատասխան՝ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ու պնդել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։

XS
SM
MD
LG