Մատչելիության հղումներ

Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային առումով վտանգավոր՝ «կարմիր» գոտում


Առողջապահության նախարարությունն ահազանգում է. հիմնականում «դելտա» շտամի տարածման ու կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի հետևանքով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը նշում է։ - «Դա հիմնականում պայմանավորված է դրական թեստերի մասնաբաժնով, քանի որ դա հիմնական չափանիշներից է, և նաև հիվանդացության ցուցանիշով։ Եթե մենք դիտարկենք հիվանդացության ցուցանիշը, ապա մեր հիվանդացության ցուցանիշը կազմում է 248,5՝ ըստ 100 հազար բնակչի, իսկ դրական թեստերի մասնաբաժինը նախորդ 14 օրվա 6 տոկոսի համեմատ արդեն 8,5 է կազմում, ինչով և պայմանավորված է այն, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս կարմիր գոտում է»։

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստվում է հեռացնել Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից։ Սպասվում է, որ ԵՄ-ն որոշման մասին կհայտարարի շաբաթավերջին։ Եվրամիության դեսպանների հավաքի ընթացքում հաստատված հանձնարարականի համաձայն, Հայաստանի քաղաքացիների՝ իր տարածք մուտքն արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը դաշինքի յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է կայացնի։

Եվրամիության խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումը կայացրել էր հունիսի 30-ին՝ այն ժամանակ ևս Հայաստանի հետ սահմանների բացման վերջնական որոշումը վերապահելով անդամ պետություններին։

Այժմ Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, չի բացառվում, որ առաջիկայում կորոնավիրուսի դեպքերը աճեն։

«Երբ մարդը ունենում է շփում վարակված անձի հետ, հիվանդությունը դրսևորվում է առաջիկա 14 օրերի ընթացքում, հենց անմիջապես հաջորդ օրը, բնականաբար, ախտանշան չի լինում։ Եվ դա է պատճառը, որ երբ մենք ունենում ենք ռիսկ, իսկ մեր ռիսկը այսօր այդ ակտիվ տեղաշարժն է՝ պայմանավորված ուսումնական տարվա մեկնարկի հետ, ամենաքիչը մեկ գաղտնի շրջան անց մենք կարող ենք հասկանալ այդ ուսումնական տարվա մեկնարկի արդյունքը, դրական կամ բացասական», - նշեց Աբովյանը։
Կորոնավիրուսից այս պահին ավելի քան 10 հազար մարդ է բուժվում։ Վերջին շաբաթներին նոր հայտնաբերվող դեպքերի օրական թիվը 500-600-ի միջակայքում է։ Միայն այս ամսվա առաջին ինը օրերի ընթացքում քովիդը խլել է 124 մարդու կյանք։

Քովիդով հիվանդներին սպասարկում է 16 հիվանդանոց, որոնցից 5-ը՝ մարզերում։ 127 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 687-ը՝ ծանր, թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված 56 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակվածների համար վերակենդանացման բաժանմունքներում 294 մահճակալներից զբաղված է 270-ը, ազատ է ընդամենը 24-ը։

Այս ընթացքում թեև շարունակվում է վակցինացիայի գործընթացը, սակայն Հայաստանը շարունակում է վերջինը մնալ տարածաշրջանում պատվաստված քաղաքացիների թվով։ Մինչև օրս ավելի քան 300 հազար քաղաքացի է պատվաստվել։ Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ սա շատ ցածր ցուցանիշ է, որն այս պահին չի կարող դրական ազդել համաճարակային իրավիճակը կայունացնելու վրա. - «Վարակի տարածման համար մեզ անհրաժեշտ է երեք գործոն. վարակի աղբյուր, այսինքն՝ հիվանդ մարդ, ումից էդ հարուցիչը արտազանտվում է, փոխանցման մեխանիզմ օդակաթիլային, որը մենք մշտապես ունենք և կարող ենք որոշ չափով խոչընդոտել դիմակ կրելով, և ընկալ օրգանիզմ, այսինքն՝ մարդ, որը չունի իմունիտետ և պոտենցիալ կարող է վարակվել։ Այսօր, հաշվի առնելով մեր շատ ցածր պատվաստումային ընդգրկվածությունը, մենք ունենք լիարժեք պատվաստված բնակչության 3-3,5 տոկոս։ Սա չի կարող որևէ կերպ անդրադառնալ համաճարակային պրոցեսի վրա։ Այսինքն՝ մենք ունենք բոլոր բարենպաստ պայմանները վարակի տարածման համար։ Իսկ ինչքան մենք չենք խոչընդոտում վիրուսի տարածմանը, այնքան վիրուսը ավելի լավ է ադապտացվում մեր շրջանում, մուտացիաների է ենթարկվում, և ավելի երկարացնում ենք վիրուսի կյանքը մարդկային պոպուլյացիայում»։

XS
SM
MD
LG