Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է 8-ամյա արտագաղթից հետո երկիր վերադառնալու մասին։ Ուկրաինայում բնակվող և վերջին տարիներին Ուկրաինայի ներքաղաքական կյանքում ակտիվ ներգրավված Սաակաշվիլին այս մասին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը Վրաստան կժամանի հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը Վրաստանում անցնելու են տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ եթե այդ ընտրություններին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա 43 տոկոսից պակաս ձայն, երկրում կհայտարարվեն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի քաղաքագետներն այս ընտրություններն այսպիսով համարում են իշխանությունների վստահության հանրաքվե։
Սաակաշվին հայտարարել է, որ վերադառնում է հայրենիք, որտեղ նրա դեմ հարուցվել են քրեական գործեր և հեռակա նրան դատապարտել են ազատազրկման։
Վրաստանի իշխանությունները պնդում են, թե վերադառնալուն պես Սաակաշվիլիին կձերբակալեն։ Վրաստանի նախկին նախագահը, սակայն, ասում է, թե չի վախենում ձերբակալությունից և իր ճակատագիրը հանձնում է վրաց ժողովրդին։
Ինչպես է Սաակաշվիլին վերադառնում Հայաստան, քաղաքական գործիչը չի հայտնել, ասել է միայն, որ այս մասին կխոսի ավելի ուշ։
Միխեիլ Սաակաշվիլին պնդում է՝ վստահ է՝ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, վրաց ժողովուրդը իրեն կազատի բանտից և արտերկրում ապրող բոլոր վրացիներին կոչ է անում հոկտեմբերի 2-ին լինել Վրաստանում և վերջ տալ գործող իշխանություններին։
Հուլիսին Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին մեղադրել էր երկրում սկսված հակակառավարական ցույցերը կազմակերպելու մեջ։ Նրա կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահը և նրան սպասարկող լրատվամիջոցները ցանկանում են լայնածավալ հասարակական առճակատում ստեղծել՝ քաղաքական համակարգը տապալելու համար։
Ավելի ուշ Վրաստանի կառավարության ղեկավարը խոստացել է փախուստի դիմած քաղաքական գործչին տալ փողկապների հավաքածու և նրան բանտ ուղարկել, եթե նա երբևէ վերադառնա Վրաստան։ Ղարիբաշվիլին Սաակաշվիլին անվանել էր ծաղրածու և դավաճան։