Մատչելիության հղումներ

122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով քրեական գործ է հարուցվել


Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել 122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով։ Ըստ իրավապահների՝ երևանյան դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։ 1000 դոլարը ուսուցիչը տնօրենին է փոխանցել փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարն անձամբ տվել է տնօրենին:

Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Ավելի վաղ էլ Կրթության նախարարությունն էր տնօրենին զրկել որակավորման հավաստագրից։

Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրեն Մարինա Մալախյանը օրերս «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել, իսկ կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչը հակառակը՝ հայտարարել էր, որ գումարը տվել է, որպեսզի աշխատանքի ընդունվի և որ պատրաստ է մինչև վերջ գնալու՝ ապացուցելու կաշառքի փաստը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ նման երևույթները տարածված են, ասում է՝ դպրոցներում կոռուպցիան վերացնելու համար պետք է տնօրենների աշխատավարձերը բարձրացվեն, հաստիքացուցակները օպտիմալացվեն։

«Հիմնական պատճառն այն է, որ դպրոցի տնօրենը սովորաբար հնարավորություն է ունենում տնօրինել մի քանի տասնյակ միլիոն դրամի բյուջե, և այդ ամենի համատեքստում տնօրենի աշխատավարձը հաճախ 150 հազար, 200 հազար դրամ է։ Այսինքն՝ երբ մարդուն տալիս ես շատ ցածր աշխատավարձ, բայց իր տնօրինության տակ լինում են մի քանի տասնյակ մարդիկ, մի քանի տասնյակ միլիոն դրամ, բնականաբար, գայթակղությունը, նման քայլերի գնալու, մեծանում է։ Շատ դեպքերում նաև այնպես են կազմված մեր հաստիքացուցակները, որ այդ հնարավորությունները տալիս են։ Հատկապես նախկինում մենք ունեինք մեծ թվով պահակների, այգեպան և այլն, այդպիսի հաստիքներ։ Օրինակ, դպրոցը չունի լաբորատորիա, բայց ունի լաբորանտի հաստիք։ Հիմա պարզ է չէ, որ եթե լաբորատորիա չկա, լաբորանտն ի՞նչ պետք է անի, ոչ մի բան, հետևաբար, օրինակ, կարելի է այդ հաստիքը շահարկել», - ասաց փորձագետը։

Խաչատրյանի կարծիքով՝ առաջիկայում նման դեպքերը կնվազեն, քանի որ, ըստ փորձագետի, այսօր արդեն դպրոցում աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց թիվն էլ կտրուկ նվազել է։

«Սա նշանակում է, որ այն պահանջարկը, որ կար նախկինում՝ գումարի դիմաց ընդունվել դպրոցում ուսուցչի հաստիքով, հիմա էդպիսի բաներն արդեն ավելի կնվազեն, որովհետև արդեն դպրոցներն իրենք են մարդ փնտրում, որպեսզի աշխատանք տան», - ասաց Խաչատրյանը։

XS
SM
MD
LG