Մատչելիության հղումներ

Ամանդա Փոլի կանխատեսումներով՝  Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցում կլինի, սահմանները կբացվեն, բայց ոչ երկու-երեք տարվա ընթացքում


Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլ
Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլ

Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլի կանխատեսումներով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցում կլինի, սահմաններն էլ կբացվեն, սակայն վերլուծաբանը չի կարծում, թե դա տեղի կունենա մոտակա երկու-երեք տարիների ընթացքում։

Հարաբերություններում վստահության պակաս կա, ասաց Ամանդա Փոլը՝ շեշտելով՝ հատկապես Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ։

Կարևորելով երկու կողմերի միջև վստահության ամրապնդումը՝ վերլուծաբանն ընդգծեց՝ շատ բան կախված է նաև նրանից, թե որքանով կիրականացվի 2020 թվականին ստորագրված հրադադարի համաձայնությունը։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետն ասաց, որ Հայաստանը Թուրքիայից դրական ազդակներ է ստանում և որ այդ ազդակները Երևանը կգնահատի և դրանց դրական ազդակով կպատասխանի։ Արդյո՞ք սա երկու հակառակորդ պետությունների հարաբերությունների պատմության մեջ մի նոր էջի սկիզբ է, թե՞՝ ինչպես որոշ վերլուծաբաններ ենթադրում են, Էրդողանը ցանկանում է ցուցադրել, որ նա խաղաղություն է ուզում, բայց իրականում Հայաստանը պատրաստ չէ խաղաղության։ Հայաստանյան որոշ փորձագետներ, օրինակ, այս կարծիքին են, և որոշ արևմտյան փորձագետներ էլ մտածում են, որ Էրողանն ինչ-որ կերպ ուզում է գոհացնել արևմտյան երկրներին՝ Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, որ պատրաստակամ է բանակցել հայերի հետ, ուզում է խաղաղություն, բայց, տեսեք, Հայաստանը կառուցողական չէ, ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ։

Ամանդա Փոլ․ - Համամիտ եմ Ձեզ հետ, որ եթե Թուրքիան ուզենա գնալ հարաբերությունների կարգավորմանը, ապա դա շատ դրական կընկալվի նրա արևմտյան գործընկերների կողմից՝ Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում, ինչպես դա եղավ մի քանի տարի առաջ, երբ հարաբերությունները կարգավորելու փորձ արվեց, որը, դժբախտաբար, ձախողվեց։ Ինչպես ես ասացի, սա շատ արագ տեղի ունեցող բան չէ։ Նախևառաջ այս հարաբերություններում շատ քիչ վստահություն կա, հատկապես դա վերաբերվում է Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ վստահության պակասին։ Կարծում եմ, որ տեղում իրավիճակը պետք է շատ կայուն լինի, ես խոսում եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին։ Կարծում եմ՝ այնտեղ կան շատ հարցեր՝ կապված սահմաններին փոխհրաձգությունների և այլնի հետ, որ պետք է լուծվեն։ Անկեղծ ասած, Թուրքիայի դիտանկյունից ես կարող եմ տեսնել, որ այս երկիրը կորցնելու բան չունի, եթե նա Հայաստանի հետ սահմանը բացի ու պայմանները լավ լինեն ու հակառակ կողմից էլ արվի նույնը։

«Ազատություն»․ - Հիմա ես Ձեզ ամենաբարդ հարցը տամ՝ ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը, ի՞նչ տեղի կունենա այս երկու երկրների միջև, խոսքս Հայաստանի և Թուրքիայի մասին է, արդյո՞ք հնարավոր կլինի բացել երկու երկրների միջև ցամաքային սահմանը, թե՞՝ այս մերձեցման փորձը նույն ճակատագրին կարժանանա, ինչ ցյուրիխյան արձանագրությունները։

Ամանդա Փոլ․ - Կարծում եմ, որ դա դեռ շուտ է ասել, ես իսկապես կարծում եմ, որ կլինի մերձեցում և սահմանների բացում, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա առնվազն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում։ Համոզված եմ, որ երկու կողմերից էլ դա անելու իրական ցանկություն կա, բայց դա շուտ չի լինի, քանի որ պետք է նախ վստահությունն ամրապնդվի երկու կողմերի միջև և, իհարկե, շատ բան կախված է նրանից, թե որքանով կիրականացվի 2020 թվականին ստորագրված հրադադարի համաձայնությունը, բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա։ Սա մի գործընթաց է, որ տեղի կունենա, բայց ոչ մոտական մի քանի տարիների ընթացքում։ Եկեք ասենք, որ դա ավելի շատ երկարաժամկետ է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG