Մոտ 200 տարի առաջ, երբ լուսանկարչության դարաշրջանը դեռ չէր սկսվել, և ճանապարհորդներն էին հեռավոր աշխարհի մասին գիտելիքների հիմնական աղբյուրը, Նիկոլայ Առաջինը նկարիչ, հետազոտող ու հնագետ Ֆրեդերիկ Դյուբուային գործուղեց Կովկաս` Ռուսական Կայսրության հարավային սահմանն ուսումնասիրելու և նկարելու համար:
Շվեյցարիայում ծնված, ֆրանսիական ծագում ունեցող 33-ամյա Դյուբուան իր ճանապարհորդությունը սկսեց 1831 թվականին` մատիտով ու էսքիզների նոթատետրով: Երեք տարի անց նա Եվրոպա վերադարձավ 11-հատորանոց հարուստ աշխատությամբ, ճանապարհորդական նոթերով ու հինգ հսկայական ատլասներով, որոնք մինչ օրս համարվում են տարածաշրջանի պատմության ու ճարտարապետության ամենավստահելի աղբյուրներից մեկը:
Տևական փորձերից հետո «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հաջողվել է ձեռք բերել այդ ատլասներից երեքի տեսապատճենները` Վրաստանի Խորհրդարանական գրադարանից: Դրանցում երևում է Արարատ լեռը` Երևանի բերդից, Գեղարդի վանքը, Շուշին, ինչպես նաև կառույցներ Նախիջևանում, որոնք Դյուբուան «պարսկական» է որակում:
Նախիջևանյան գծանկարներից մեկում, որն ըստ այդ տարածքին քաջատեղյակ, հետազոտող Սիմոն Մաղաքյանի, արվել է ավելի ուշ ոչնչացված Ջուլֆայի գերեզմանատնից, երևում է ընդամենը մեկ խաչքար: Ըստ Մաղաքյանի, Դյուբուան միտումնավոր է նման հնարքի դիմել. մնացած բոլորի պատկերումը չափազանց բարդ ու աշխատատար կլիներ անգամ անխոնջ Դյուբուայի համար` հաշվի առնելով քարե արձանների մանր ու բազմազան զարդանախշերը:
«Նկարիչը ցույց է տալիս մի քանի հազար խաչքարից միայն մեկը, որպեսզի օգնի դիտողին այն առավելագույնս գնահատել», - ասում է Մաղաքյանը:
Դյուբուան նաև Քութայիսիի Բագրատի տաճարն է պատկերել, որն այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 11-րդ դարի կառույցը Դյուբուան նկարագրում է որպես «բյուզանդական և հայկական [ոճերի] խառնուրդ»` թողնելով գրառում, որ վրացիներից շատերին է այսօր զայրացնում: «Բյուզանդական ոճը ընդունված էր ներքին հարդարման` ինտերիերի համար, մինչդեռ արտաքին դեկորացիաները ավելի շուտ հայկական ոճի էին», - գրել էր նա տաճարի նկարագրական մասում:
Նկարներից մեկում էլ պատկերված է Դեբեդ գետի վրա կառուցված Սանահինի կամուրջը, որտեղից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ այսօրվա հայ-վրացական սահմանն է սկսվում: Դյուբուային, կարծես թե, միջնադարյան այս կամուրջը շատ է գրավել. «Ժամանակին թագավորն այստեղ գյուղ էր հիմնել, որպեսզի ճանապարհորդները կարողանային ուտելիք գտնել», - գրել է հետազոտողը՝ շարունակելով. - «Այսօր ոչ մի բան չկա` ո՛չ գյուղ, ո՛չ մի քարավանատուն: Միայն կամուրջն է մնացել` 400 ոտնաչափ երկարությամբ, 14 ոտնաչափ լայնությամբ»:
«Հայկական ոճի հուշարձանների շարքը ես ավարտում եմ հայկական եկեղեցով, որը կառուցվել է Ախալցխա քաղաքի վերևում` այն վայրում, որը թուրքական արշավանքի ժամանակ`1828 թվականին, ամենահուժկու հարձակմանն էր ենթարկվել», - գրել է Դյուբուան՝ հավելելով. - «Եկեղեցու քիվերի և պատերի վրա երևացող անցքերը թողել են թնդանոթի գնդակները` քաղաքի պաշարման ժամանակ»:
Դյուբուան Եվրոպա է վերադարձել 1834 թվականին: Տարածաշրջանի վերաբերյալ նրա գրքերի հրապարակումից հետո նրան շնորհվել է Ֆրանսիայի աշխարհագրական ընկերության ոսկե մեդալ և Սուրբ Ստանիսլաուի շքանշան: Երիտասարդ ճանապարհորդ֊հետազոտողը առատաձեռն վարձատրություն է ստացել նաև ռուսական ցարից: Կյանքի վերջին տարիները Դյուբուան անցկացրել է Եվրոպայում` զբաղվելով հնագիտական հետազոտություններով: Մահացել է 1850 թվականին` 51 տարեկանում:
Հեղինակ՝ Էյմոս Չապլ