Ֆոտոխմբագրման ծառայություններ առաջարկող Picsart-ը դարձել է Հայաստանում գրանցված առաջին տեխնոլոգիական ընկերությունը, որի արժեքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Օրեր առաջ Picsart-ը հայտարարեց, որ ևս 130 մլն դոլար ներդրում է ներգրավել, ինչի շնորհիվ էլ այն դարձել է հայաստանյան առաջին միաեղջյուրը՝ յունիքորնը, այսինքն` մեկ միլիարդ դոլար արժեք ունեցող ընկերությունը։ Picsart-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը «Ազատության» հետ խոսեց իրենց գրանցած հաջողությունների ու ծրագրերի մասին։
«Մեզ հաջողվեց ապացուցել աշխարհին և այն մարդկանց, ովքեր գումար են ուզում ներդնել ինչ-որ տեղ, որ այն, ինչ մենք սարքում ենք, պետք է մեր օգտատերերին, լավացնում է աշխարհը, և դա մեր վերջնական նպատակը չի, և մենք կարող ենք զարգացնել դա` այդ գումարն ավելի շատ ունենալով», - նշեց նա։
Picsart-ը նկարների, տեսանյութերի խմբագրման առաջատար հարթակ է, որն ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր ունի՝ աշխարհի ավելի քան 180 երկրից։ Ամեն վայրկյան այս հավելվածով 600-ից ավելի մշակում է արվում. «Picsart-ով հիմա ցանկացած տեսակի թե նկարների ու թե տեսանյութերի հետ կապված աշխատանք հնարավոր է անել` սկսած տարբեր տեսակի ստիկերներից, որոնք կարող ենք օգտագործել, վերջացրած ֆոնտերով, տառատեսակներով, ինչպես նաև էֆեկտներով», - պատմում է ընկերության հեռախոսային բաժնի պրոդուկտ մենեջեր Գեորգի Գևորգյանը` հավելելով. «Մենք շատ հետաքրքիր գործիչ ունենք, որը կարողանում է ինչ-որ օբյեկտներ շարժել: Մենք կարող ենք օբյեկտի ինչ-որ եզրագիծը շատ ոչ հստակ նույնիսկ վերցնել ու իրեն այսպես շարժել, որ ավելի ընթացքի էֆեկտ ունենանք»:
Հայ ծրագրավորողների ստեղծած Picsart հավելվածը ստեղծվել է 2011թ.-ին։ Տարեկան ավելի քան 100 մլն դոլար շահույթ ունեցող այս ընկերությունում ճանապարհը սկսել են՝ հավատալով հաջողությանը, դրան գումարել են նաև մեծ ջանքերն ու աշխատասիրությունը, արդյունքում այսօր դարձել են հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահաջողած ընկերությունն ու միակը, որի արժեքը 1 միլիարդն անցնում է։
«Մենք միշտ այս վերջին եռամսյակները թոփ 20 ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակի մեջ լինում ենք, տեղը կոնկրետ տատանվում է` 12, 14` կախված ժամանակաշրժանից, բայց արդեն իսկ, որ թոփ 20-ի մեջ ես, և այդ ցուցակում բոլոր հայտնի ոչ միայն ֆոտոաշխարհից խաղացողներ կան, դա արդեն շատ մեծ ձեռքբերում է», - ասում է Միքայել Վարդանյանը:
Picsart-ի ներբեռնումների քանակն այսօր անցնում է 1 միլիարդի շեմը. «Ամեն ժամանակաշրջանում տարբեր ձեռքբերումներ կան, առաջինը առաջին միլիոն ներբեռնումն էր, հետո առաջին ինվեստիցիան»:
Ոլորտը շատ արագ է զարգանում, գրանցած հաջողությամբ երկար ուրախանալ չեն կարող, ասում են։ Այս հաջողությունը ընկերությունում արդեն անցած փուլ են համարում՝ հիմա առաջ են նայում նոր հաջողությունների հասնելու համար։ Ներգրավված միջոցները, օրինակ, կօգտագործեն արհեստական բանականության միջոցով նորարարական լուծումների համար։ Կմեծացնեն ընկերության թիմը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։
«Picsart-ը ստեղծվել է Հայաստանում, բայց գլխամասը Սան Ֆրանցիսկոյում է այս պահին, իսկ ինչո՞ւ Հայաստանում չի, շատ պատճառներ կան, առաջինը ինվեստրների պահանջն էր, և շատ ուրիշ խնդիրներ կային, որը Հայաստանում այս պահին հնարավոր չէ անել», - նկատում է ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենը։
Հայկական մեկ այլ հաջողված տեխնոլոգիական ընկերության՝ Krisp-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը Picsart-ի հաջողությունը մեծ ձեռքբերում է համարում բոլոր հայկական ընկերությունների համար. «Համաշխարհային ինվեստրներն սկսում են Հայաստանին ուրիշ ձև նայել, այսինքն` նայել որպես մի երկրի, որտեղ այդպիսի յունիքորն ընկերություններ կարող են ստեղծվել` միլիարդ կամ ավելի, ու սկսում են ավելի լուրջ վերաբերվել մեր երկրին, այսինքն` մեր երկրից եկող ստարտափներին, ընկերություններին: Picsart-ի հաջողությունն, իհարկե, շղթայական ռեակցիա է լինելու` ըստ իս, իր համար ամենադժվարն է եղել, որ գնան, ինվեստիցիաներ ստանան, մասնագետներ ունենան, ստեղծեն Հայաստանում և այլն: Այդպիսի հաջողությունը բերելու է նրան, որ նոր ստարտափներին ավելի հեշտ է լինելու այդ նույն ճանապարհն անցնել»:
Picsart-ը Հայաստանում գործունեությունը սկսել է 10 աշխատակիցներով, այսօր աշխատակիցների թիվն անցնում է 800-ը, գրասենյակները տեղակայված են Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Բենգալորում, Պեկինում, Բեռլինում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Նյու Յորքում ու Տոկիոյում, բայց ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է՝ 600-ից ավելի աշխատողներով։