Մատչելիության հղումներ

Լավրով. Տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը


Այսօր, երբ պատերազմն ավարտված է Լեռնային Ղարաբաղում, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար, «տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նաև մանրամասներ է հայտնել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տապալված նախկին փորձից:

Ինչպես և անցած տապալված փորձի դեպքում, այսօր հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը հնչել է Անկարայից և Երևանից։ Մոսկվան, սակայն, չի ուզում հետ մնալ տարածաշրջանում ընթացող գործընթացներից և հայտարարում է, որ պատրաստ է ակտիվ մասնակցել հաշտեցման գործընթացին։

Այսօր Մոսկվայում «Նոր գիտելիքներ» կրթական մարաթոնի ժամանակ երիտասարդ տղաներից մեկը Ռուսաստանի արտգործնախարարին հիշեցրեց, որ նա 2009-ին կարճ գրություն էր գրել Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և հորդորել ստորագրել փաստաթուղթն առանց հայտարարությունների:

Գուցե և սոսկ զուգադիպություն է, որ ռուսաստանցի երիտասարդը, ով 2009-ին փոքրիկ դպրոցական էր, այսօր հիշել է հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների մասին` առիթ տալով Սերգեյ Լավրովին, որ նա պատմի, թե ինչպես իր ջանքերով ստորագրվեց պատմական փաստաթուղթը։

Նախարարն էլ որոշ մանրամասներ պատմեց, թե ինչպես են ստորագրվել հայ-թուրքական արձանագրությունները 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում:

Լավրովի խոսքով` 2008 թվականին հայ գործընկերներն իրեն ասել էին, որ թուրքական կողմն առաջարկում է համաձայնության գալ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունների նորմալացման շուրջ: Լավրովն աջակցել է այս գաղափարին, սակայն հարցրել, թե նախապայմաններ կա՞ն: Երևանը, նրա խոսքով, հավաստիացրել է Մոսկվային, որ չկան։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այսօր պատմել է, թե այն ժամանակ ասել է Նալբանդյանին` չի հավատում, որ թուրքերը նախապայման առաջ չեն բերի, և հավելել, որ արդեն Ցյուրիխում, ուր պատմական միջոցառմանը եկել էին մասնակցելու Միացյալ Նահանգների այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ ներկայացուցիչը, թուրքերը վերջին պահին ասել են, թե կստորագրեն արձանագրությունները, եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետ ավելացվի։ Ղարաբաղի մասին թուրքական կողմի առաջարկած կետի տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը:

«Բոլորն արդեն ժամանել են ... և փակուղի: Արդյունքում, թուրք գործընկերը համաձայնեց հեռացնել այդ պայմանը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ իրենք պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կհայտնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այնուհետև թուրք նախարարն ասաց` «այդ դեպքում մենք էլ հայտարարություն կանենք», - ներկայացրել է Լավրովը։

Նա շարունակել է, թե հայերն ու թուրքերը մինչև ուշ գիշեր բանակցում էին Ղարաբաղի մասին հայտարարությունների շուրջ, սակայն չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ, և այդ ժամանակ նա երկտող գրեց Նալբանդյանին` առաջարկելով ընդհանրապես հայտարարություններ չանել։

Արդյունքում փաստաթուղթը ստորագրվեց, բայց հետո ետ կանչվեց, քանի որ կողմերը, ինչպես Լավրովն է պատմում, տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Այսօր, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, պնդմամբ, միանգամայն այլ իրավիճակ է ղարաբաղյան պատերազմից հետո, և կողմերը կարող են վերսկսել հաշտեցման գործընթացը։ Լավրովը նաև ընդգծեց, որ Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել նրանց:

Վերջին օրերին պաշտոնական Երևանը և Անկարան հեռակա երկխոսություն են սկսել հարաբերությունները կարգավորելու հնարավորության շուրջ: Օգոստոսի 27-ին կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության թեմային անդրադառնալիս ասել էր, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և պաշտոնական Երևանն այդ ազդակներին կպատասխանի: Դրական ազդակները հավանաբար Թուրքիայի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունն էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա:

Դրանից երկու օր անց` անցած կիրակի, Թուրքիայի նախագահը նորից անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը` ասելով, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG