Մատչելիության հղումներ

Պահեստազորի հավաքի երկրորդ փուլ կանցկացվի՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը


Հայաստանում կանցկացվի Զինված ուժերի պահեստազորի հավաքի երկրորդ փուլ՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:

Առաջին փուլով պահեստազորի առաջին եռամսյա հավաքը այժմ ընթացքում է, դրան մասնակցում է շուրջ 2000 տղամարդ՝ բանակից տարիներ առաջ զորացրված։ Վարժանքների երկրորդ փուլին մասնակցելու է մինչև 869 քաղաքացի՝ շարքայիններ, ենթասպաներ ու սպաներ։

Պաշտպանության նախարարությունը ներկայացրած հիմնավորմամբ նշում է. «Հավաքների նպատակը պահեստազորի ռազմական ունակությունների կատարելագործումն է, մասնագիտական վերապատրաստումը: Զինված ուժերը վերջին տարիներին համալրվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ է վերապատրաստել պահեստազորին։ Անհրաժեշտ ենք համարում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ, ինչի համար պահեստազորի վերապատրաստման գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին ընդգրկելու է նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»:

Պահեստազորի վերապատրաստման հրատապ անհրաժեշտություն Հայաստանում առաջացավ անցած տարվա 44-օրյա պատերազմից հետո, նկատում է ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը, երբ հայտնի դարձավ, որ անցյալ տարվա աշնանը բազմաթիվ խնդիրներ էին առաջացել պահեստազորի կազմակերպման ու մարտունակության հետ կապված։

«Եղել է խնդիր պատրաստվածության հետ, եղել է խնդիր, այսինքն նաև ժամանակային խնդիր կար, որովհետև այդպիսի իրավիճակում արագ է պետք, որ համալրումը տեղի ունենա, որոշակի ժամանակ է պետք եղել, որ մարդիկ պատրաստվածություն անցնեն և նաև զորահավաքի ընդհանուր գլոբալ պրոբլեմի մի մաս էր դա», - ասաց Հարությունովը:

Պահեստազորի շարունակական եռամսյա վերապատրաստման ամենամեծ խնդիրը, Հարությունովի խոսքով, տնտեսական է, աշխատող մարդիկ հիմնականում ներգրավված են փոքր ու միջին բիզնեսում, որտեղ մեկ աշխատողի՝ 3 ամսով հեռանալը բիզնեսի համար բարդություններ է ստեղծում, ինչին զուգահեռ ֆինանսական խնդիրներ են առաջանում նաև վերապատրաստման մեկնող քաղաքացու կյանքում։

«Չգիտեմ ինչ-որ գործող էֆեկտիվ մոդուլ, որ այս պրոբլեմը կարողանա լուծել: Այսինքն՝ դա որոշակի փակուղի է, որում հայտնվել է Հայաստանը, այսինքն՝ կան երկրներ, որոնք կոմպեսացնում են այդ պրոբլեմը՝ ռազմական տեխնիկայով, բնակչության քանակով: Դա բավականին լուրջ խնդիր է, որը համակարգային բնույթ է կրում, ու ինքը այդ գլոբալ պրոբլեմի, որը կա հիմա Հայաստանում, մի մասն է», - ասաց ռազմական մեկնաբանը:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը վերանայում է ոչ միայն պահեստազորի վերապատրաստման ծրագրերը, այլև ռազմական արդյունաբերության հարցերում սկզբունքային մոտեցումներ, այսօր լրագրողների հետ զրույցում ասած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Այն պատերազմը, որին մենք ականատես եղանք, լրիվ այլ պատերազմ էր և դրանից ելնելով հենց նոր զինատեսակները ուղղված են լինելու այդ նոր մարտավարական խնդիրները լուծելուն: Դրա մեջ կմտնի այն ամենը ինչի մասին, որ մենք հիմա չենք բարձրաձայնում, ուղղակի կուզենայինք, որ ունենար նոր, ինչին մենք ականատես ենք եղել, ինչից, որ տուժել ենք, որովհետև նոր՝ 5-րդ սերնդի զինատեսակների խնդրի մասին է խոսքը գնում և մեր հիմնական մոտեցումը նա է, որ այն, ինչ որ երեկ կար նույնիսկ եթե համարվում էր առաջադեմ, մենք փորձենք մի քայլ առաջ գնալ», - նշեց նախարարը:

Այնուամենայնիվ, Խաչատուրյանն ավելացնում է, որ Հայաստանի բանակի պահանջները շատ մեծ են համամտած այս պահին եղած արտադրական հնարավորությունների հետ. «Շատ ուրախ կլինեի, որ մենք այսօր կարողանայինք ասել՝ ինչ-որ մեծ քանակության՝ 50 տոկոս կամ ավելի կարող ենք անել, չէ, այդպես չի: Այդ առումով մենք ստիպված ենք դրսից գնումներ կատարելու, բայց նորից ասեմ, այն ինչ վերաբերում է ներսում, մենք հնարավորինս աջակցում ենք ներսի արտադրողներին, որպեսզի իրենք կարողանան այս հարցում բանակին օգնել»:

Հարցին՝ խոսքը ֆինանսակա՞ն աջակցության մասին է, Խաչատուրյանը պատասխանեց. «Մեր կողմից, այո, այսինքն՝ մենք որպես պատվիրատու, որպես գաղափարները լսող և հովանավորող, որպեսզի կարողանա նոր արտադրանք ստեղծվի, այդ միջոցները բավական են, բացի դա ուղղակի գաղափարներն են բավականին քիչ»:

Ռազմաարդյունաբերության հարցերում ամենակարևորը իրատեսությունը չկորցնելն է ու գիտակցելն է, թե երկրում եղած գիտական զարգացման ոչ բավարար պայմաններում որն է այն առավելագույնը, որ կարող է ստեղծվել Հայաստանը, ասում է ռազմական մեկնաբան Հարությունովը։

«Խոսքը չի կարող գնալ նրա մասին, որ արտադրվի ինչ-որ ծանր սպառազինության տեսակ, այսինքն, տենց բաներ ոնց որ՝ զրահատեխնիկան կամ հրետանային համակարգեր, առավել ևս մարտական ինքնաթիռներ, դրա մասին խոսք գործնականում չի կարող լինել: Կա որոշակի դաշտ, որը հնարավոր է, այսինքն՝ դա կառավարման համակարգերն են, կապն է, որոշակի հետախուզության միջոցներն են, նույն էդ անօդաչուներն են էլի», - նշեց ռազմական մեկնաբանը:

XS
SM
MD
LG