Մատչելիության հղումներ

Տերությունները Հայաստանին ու Ադրբեջանին պատրաստում են նոր պատերազմի. Դավիթ Հովհաննիսյան


Հարավային Կովկասում ներգրավված մեծ տերությունները Հայաստանին ու Ադրբեջանին պատրաստում են նոր պատերազմի՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, հավանական է, որ այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա լարվածությունը տևական ժամանակ շարունակվի, ինչն էլ ձեռնտու է տերություններին՝ իրավիճակը տարածաշրջանում իրենց վերահսկողության ներքո պահելու համար:

«Ազատություն». - Ադրբեջանի հետ խաղաղությունը շատ կարևոր է, բայց այդ խաղաղությունն ունի գին, ինչպես Դուք եք ասում, պայմաններ, Ձեր կարծիքով Հայաստանը ի՞նչ գին է պատրաստ վճարել, կկարողանա վճարել խաղաղության համար, Դուք ի՞նչ եք սպասում:

Հովհաննիսյան. - Ցավոք սրտի, ես պետք է մեծ բռնություն ինքս ինձ վրա գործադրելով ասեմ, որ Հայաստանն այսօր իրավասու չէ որոշում ընդունելու այս հարցերում: Այդ հարցերի պատասխանը այլ մայրաքաղաքներում է պետք ման գալ:

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք կարծում եք՝ Հայաստանի և Ադրբեջանի համար այս կարևոր հարցում ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում որոշումներ չեն ընդունվելու և որոշումներն ընդունվելու են Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում:

Հովհաննիսյան. - Դե հատկապես Երևանում, բայց նաև Բաքվում, դուք ճիշտ եք:

«Ազատություն». - Դուք ի՞նչ եք սպասում այս ուղղությամբ:

Հովհաննիսյան. - Ես սպասում եմ, որ եթե ֆորս մաժոր չլինի այս ուղղությամբ՝ այսպես դանդաղ ընթացող՝ անընդհատ իրար կրակելով, անընդհատ իրար սադրելով մի քանի մետր, մի քանի 100 մետր այնտեղից, մի քանի հեկտար այնտեղից, մի քանի անասուն այստեղից, մի քանի անասուն այնտեղից, այս վիճակը բոլորին ձեռք է տալիս, ինչո՞ւ, որովհետև այս վիճակը շատ հեշտ է վերածել նորից պատերազմի: Ինչպե՞ս, նախորդ շրջանում ես ժամանակին մի տերմին է հնարել՝ կոճակային կոնֆլիկտ, ասենք կոճակը սեղմում ես՝ կռիվը սկսում է, կոճակը թողնում ես՝ կռիվը դադարում է, այսինքն՝ կառավարվող կոնֆլիկտ է սա: Սա ձեռք է տալիս հատկապես ներգրավված ուժերին:

«Ազատություն». - Այսինքն՝ Ռուսաստան, Թուրքիա:

Հովհաննիսյան. - Ռուսաստան նախևառաջ, սա իրենց ձեռք է տալիս:

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ այդ տերությունները Հայաստանին ու Ադրբեջանին պատրաստում են նոր պատերազմի:

Հովհաննիսյան. - Հին արտահայտություն կա, որ եթե բեմի պատին հրացան է կախված, ապա կրակելու է: Զենք են վաճառում չէ՞, էդ զենքն ինչի՞ համար են վաճառում:

«Ազատություն». - Հետևաբար պատրաստվում են նոր պատերազմի՞:

Հովհաննիսյան. - Բնականաբար:

«Ազատություն». - Արցախի հարցն այդ իրավիճակում, այս դանդաղ պատերազմի իրավիճակում, ինչպես նկարագրեցիք, ի՞նչ ելք, ի՞նչ ընթացք է ունենալու:

Հովհաննիսյան. - Դա կախված է նրանից, թե ով իր մեջ կկարողանա կամք և որոշումներ ընդունելու պոտենցիալ կուտակել, դա կախված է և՛ մեզնից, և՛ Ադրբեջանից, այսինքն՝ անմիջականորեն կոնֆլիկտի մեջ մասնակցող ուժերից: Երեկ չէ առաջին օրը կարծեմ Իսրայելի նոր վարչապետը Վաշինգտոնում էր, և ինքը շատ հետաքրքիր մի պարբերություն ասաց, որ «մեր սրբազան պարտականությունն է և դա մենք ոչ մեկին չենք զիջի և ոչ մեկին չենք հրավիրի, որպեսզի մեզ պաշտպանի», ես երազում եմ այն օրը, որ մենք կարողանանք նման բան ասել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG