Իրաքի իշխանություններն այսօր տարածաշրջանային խորհրդաժողով են անցկացնում, որի նպատակն է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում:
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն մի շարք երկրների, այդ թվում` տարածաշրջանային մրցակիցներ Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը:
«Մակրոնն ու Իրաքի վարչապետ Մուստաֆա Աբդ Ալ Քազեմին ցանկանում են նվազեցնել մերձավորարևելյան լարվածությունը երկխոսության և դիվանագիտության միջոցով, այդ թվում`անդրադառնալով անվտանգության խնդիրներին», - «Ռոյթեր»-ին ասել են Ելիսեյան պալատից:
Այս տարի ավելի վաղ Իրաքը բանակցությունների մի քանի փուլ էր կազմակերպել միմյանց հետ թշնամական հարաբերություններով հայտնի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, հանդիպումներում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել էին Յեմենին ու Լիբանանին վերաբերող հարցեր:
Միացյալ Նահանգները ևս լիակատար աջակցություն է հայտնել խորհրդաժողովին: