Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ մանրամասնելով՝ Ազգային ժողովի այսօրվա նիստի տեսագրությունների ուսումնասիրությունն առերևույթ վկայում է Ազգային ժողովի առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքը:
Գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ, ասված է հաղորդգրությունում:
Ազգային ժողովում կրքերն այսօր չէին հանդարտվում․ նախ կրքերը լարվեցին, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթի ժամանակ ամբիոնից դավաճաններ անվանեց «բոլոր ժամանակների պաշտպանության այն նախարարներին, ում օրոք զանգով, կամ փողով բանակից մարդիկ են ազատվել»։ Երկրորդ վեճը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի և իշխանական պատգամավորների միջև էր։ Հայհոյանքներ հնչեցին, քաշքշոց ու նորից ընդմիջում հայտարարվեց։