Աֆղանստանից հեռանալու մտադրություն ունեցող հազարավոր մարդիկ այս պահին գտնվում եմ մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի օդակայանի տարածքում:
Ըստ ականատեսների՝ նրանք հայտնվել են անտանելի ծանր պայմաններում, չունեն ջուր և սնունդ:
Միացյալ Նահանգները հայտնել է, որ օգոստոսի 25-ի դրությամբ Աֆղանստանից ընդհանուր հաշվով տարհանվել է ավելի քան 75 հազար մարդ՝ օտարերկրացի դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատողներ և «վտանգված աֆղանստանցիներ»: ԱՄՆ-ում և արևմտյան մյուս երկրներում այդպես են անվանում երկու տասնամյակի ընթացքում Արևմուտքի հետ համագործակցած աֆղանստանցիներին՝ թարգմանիչներին, վարորդներին, միջազգային կառույցների և իրավապաշտկան կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին: Այդ մարդիկ վախենում են երկիրը գրաված թալիբների վրեժխնդրությունից:
Արևմտյան երկրները փորձում են տարհանումն ավարտել մինչև թալիբների հետ համաձայնեցրած ժամկետը՝ օգոստոսի 31-ը:
Թալիբները պնդում են, որ սեպտեմբերի 1-ից երկրի տարածքում գտնվող ցանկացած արտասահմանյան ստորաբաժանում կհամարվի զավթիչ, որի նկատմամբ կկիրառվեն համապատասխան գործողություններ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հարկ եղած դեպքում ամերիկյան ուժերի տեղակայումը կերկարգձվի: Բայդենը նախազգուշացրել է, որ ամերիկացի զինծառայողների նկատմամբ որևէ թշնամական գործողություն կարժանանա չափազանց կոշտ ռազմական պատասխանի:
Բայդենը չի բացառել, որ նման գրոհներ կարող են իրականացնել «Աֆղանստանի թալիբների մահացու թշնամիներ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները»:
Թալիբները Միացյալ Նահանգներին կոչ են արել «չդրդել երիտասարդ կիրթ աֆղանստանցիներին լքել երկիրը»: