Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը Կիևում մասնակցելու է «Ղրիմյան հարթակի» առաջին հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը:
Չավուշօղլուն Թվիթերում գրել է, որ արդեն մեկնարկել է իր այցը Ուկրաինա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կիևի նախաձեռնած «Ղրիմյան հարթակի» համաժողովին տարբեր երկրների մասնակցությունը որակել էր «Ղրիմի թեմատիկային հավաքական Արևմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարձանագրի համաժողովի մասնակից պետությունների դիրքորոշումը և համապատասխան եզրահանգումներ կանի:
«Ղրիմյան հարթակի» ստեղծման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Պաշտոնական Կիևը հարթակի նպատակն է համարում «Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելուն ուղղված միջազգային ջանքերի» համակարգումը: