Մատչելիության հղումներ

Մոսկվան զգաց՝ Ադրբեջանը դուրս է գալիս իր ազդեցության գոտուց․ Քոչինյան 


Նախորդ օրերին հրապարակ իջած ռուս-ադրբեջանական հակասությունները ցուցիչ են, որ Կրեմլը ձգտում է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որը հատկապես 44-օրյա պատերազմից հետո փորձում է դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Քոչինյանի հետ հարցազրույցիցի մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք խոսում եք ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, նախորդ օրերին մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, որոնք շատերին թույլ տվեցին խոսել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակասությունների մասին․ հայտնի է Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպանի հայտարարությունն, ով ռուսներին խոզ անվանեց, և այդ պատճառով արգելվեց նրա մուտքը 50 տարի Ռուսաստան, մենք հիշում են, ադրբեջանական Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ և այնտեղ հիշատակեց, որ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում ժամանակավորապես են տեղակայված, ռուսական խաղաղապահ ուժերը պաշտոնապես հաստատեցին, որ ադրբեջանական կողմն անօդաչու սարք է կիրառել Արցախում՝ հայկական զինված ուժերի դեմ, և վերջին դրվագը՝ երբ որ Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնեց Մոսկվա, հայտարարվեց, որ Ռուսաստանը վերսկսել է, կամ վերսկսելու է սպառազինության մատակարարումը Հայաստանին, ինչը հարուցեց Ալիևի դժգոհությունը։ Այս ամենը երևացող կողմն է։ Ձեր կարծիքով իրականում ի՞նչ հակասություններ են առաջացել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։

Արեգ Քոչինյան․ - Այդտեղ մեկ հակասություն էլ կավելացնեմ՝ Ադրբեջանը պարբերաբար ռուսական կողմին մեղադրում է, որ ռուսները թույլ են տալիս, որպեսզի հայկական կողմը զինված ուժեր տեղակայի Արցախում։ Սա էլ է մեղադրանքներից մեկը, որ Ադրբեջանը հնչեցնում է Ռուսաստանի հանդեպ, իսկ, ընդհանուր առմամբ, խնդիրը հետևյալն է՝ Ռուսաստանը սկսեց վերջապես զգալ, որ շատ արագ տեմպերով Ադրբեջանը դուրս է գալիս, ամբողջովին ընդ որում՝ վերջնականապես, դուրս է գալիս իր շահերի գոտուց՝ իր վերահսկողությունից, կամ, ինչպես Ռուսաստանում են ասում, օրինական շահերի գոտուց և վերջին ռուսական հույսը, որ եթե, օրինակի համար, էս պատերազմին շատ չխառնվենք և որոշակի զիջումների գնանք, այ, օրինակ Ադրբեջանը ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ, կամ մեկ այլ ինտեգրացիոն գործընթաց, որը որ Ռուսաստանը հովանավորում է, կանդամակցի, կամ գոնե ուրիշ ստատուսով կհամագործակցի դրա հետ, հիմա պարզ դարձավ, որ էդ ամեն ինչը չի լինելու։ Ռուսական կողմը փորձում է հիմա որոշակի ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, այդ թվում՝ նաև Հայաստանի միջոցով։ Ես հույս ունեմ, որ մեր իշխանությունները բավական ուշիմություն կունենան, որպեսզի չդառնան գործիք որևէ ուժային կենտրոնի ձեռքում՝ որևէ այլ պետությանը սեղմելու, կամ ճնշելու համար, բայց գործընթացն, ընդհանուր առմամ,բ սա է։ Ռուսները փորձեցին, այսպես ասած, երկու մեթոդ կա՝ էդ քաղցրի մեթոդը և հարվածելու մեթոդը, քաղցրի մեթոդով չկարողացան, հիմա կփորձեն ավելի հարվածելու մեթոդով աշխատել ադրբեջանցիների հետ, բայց էդ ամեն ինչն արդեն անհույս է, որովհետև Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքները տեսավ և տեսավ Թուրքիայի հետ իր համագործակցության պտուղները, և այլևս ոչինչ չի կասեցնի ադրբեջանաթուրքական ինտեգրացիոն գործընթացը, ինչն էլ, որ Ռուսաստանը սրա շուրջ անի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG