Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքում Իլհամ Ալիևի հայտարարություններին


Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի CNN Turk-ին տված ծավալուն հարցազրույցում հնչեցրած սպառնալիքներին։ Այսօր աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող ուժի այլ ներկայացուցիչներ զերծ մնացին խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ Ալիևի առաջարկը մեկնաբանելուց։

«Դա մեծ սխալ կլինի, և հենց իրենք կզղջան։ Քանի որ մենք հավերժ չենք պահի այդ առաջարկը սեղանին», -այսպես է Ալիևը նախօրեին խոսել իր առաջարկած պայմանագրից, ըստ որի՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այս հայտարարութունների հետևում լայնամասշտաբ պատերազմի վտանգ չի տեսնում, բայց պարբերաբար սահմանային սրացումները, ասում է, կշարունակվեն:

«Ադրբեջանի նպատակը հասկանալի է: Անգամ ոչ թե Ադրբեջանի նպատակը, այլ Բաքվի ռեժիմի։ Դա է՝ ստանալ, որևէ տեսակի փաստաթուղթ, որը երկրի ներսում հնարավոր կլինի ներկայացնել այնպես, որ Հայաստանը Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել։ Այդ նպատակին Ալիևը մինչև օրս հասնել չի կարողացել և շարունակում է տարբեր եղանակներով ճնշում գործադրել Հայաստան վրա, այդ թվում՝ խոսքը ռազմական ճնշման մասին է։ Բայց չեմ կարծում, որ բանը կհասնի լայնամասշտաբ պատերազմի, ուղղակի առանձին սրացումներ, էսկալացիներ տեղի կունենան հայ-ադրբեջանական սահմանին», - նշեց քաղաքագետը։

Ադրբեջանը ակնկալում է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Սա Այլևի մյուս սկանդալային հայտարարությունն էր։ Քաղաքագետ Իսկանդարյանը կարծում է, որ Ալիևի նման հայտարարությունները չեն կարող որևէ ձև ազդել Հայաստանի սպառազինման գործընթացի վրա, քանի որ Ռուսաստանի շահերից է բխում նաև խախտված ռազմական բալանսի վերականգնումը:

«Ռուսաստանում նկատելի են լարվածության էլեմենտներ Ադրբեջանի նման հռետորաբանության նկատմամբ: Բայց հասկանալի է, չէ՞, որ դրանք անհիմն խոսակցություններ են, որ եթե պատերազմում Հայաստանը պարտություն է կրել, ուրեմն նա չպետք է ունենա բանակ և զենք։ Սա ընդամենը ճնշում գործադրելու փորձ է, այդ թվում՝ հոգեբանական, իսկ նպատակը որևէ փաստաթուղթ և այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» ունենալն է», - ասաց Իսկանդարյանը:

Ալիևի պարբերաբար կրկնվող սպառնալից հայտարարություններին վերջին անգամ վարչապետ Փաշինյանը անուղղակի անդրադարձել էր կառավարության օգոստոսի 12 -ի նիստին ու խոսել տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումների մասին։ Կարևորել էր սադրիչ գործողությունների հասցեական դատապարտումը միջազգային հանրության կողմից ու հայտնել Հայաստանի պատրաստակամությունը տարածաշրջանային ապաշրջափակմանն ուղղված գործողութունների մասով:

«Սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար: Այսուհանդերձ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման, կարծում եմ, դա պիտի լինի Հավաքական անվտանգության պայմանագրի դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը: Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», - հայտարարել է վարչապետը:

XS
SM
MD
LG