Մատչելիության հղումներ

Բաքուն իր գործողություններով ոչ այնքան ճնշում է գործադրում Երևանի վրա, որքան ուղերձներ հղում Մոսկվային, շեշտում է քաղաքագետը


Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումը, թե Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կապում է Հայաստանի պաշտպանության նախարարի Մոսկվա այցի հետ։

Այս գործողություններով ոչ այնքան շատ ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որքան ուղերձներ հղում Ռուսաստանին, ասում է քաղաքագետը։

«Ըստ երևույթին ակնարկվում է, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել այն ամենից, ինչ, ըստ Ադրբեջանի, ինքը պետք է ստանա։ Մենք չգիտենք ինչ բանավոր քննարկումներ են եղել, չեմ կարող ասել պայմանավորվածություններ, բայց առնվազն քննարկումներ են եղել թե՛ մինչև նոյեմբերի10-ը, թե՛ նախորդող վերջին օրերին, երբ հայտարարության տեքստն էր պատրաստվում։ Թե նոյեմբերի 10-ից մինչև հունվարի 11-ը ընկած ժամանակահատվածում և թե հունվարի 11-ից հետո քննարկումներին մենք ծանոթ չենք, եթե չասենք պայմանավորվածություններ, քննարկումներ առնվազն եղել են։ Իմ պատկերացմամբ, այդ քննարկումներից Ադրբեջանի մոտ ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը պատրաստ է կատարել որոշակի քայլեր, և հիմա, երբ մեր մոտ, հունիսի 20-ի ընտրություններից հետո, նույն ուժը Հայասատնում մնաց իշխանության և վարչապետի փոփոխություն տեղի չունեցավ, ինչպես նաև Ադրբեջանը հասկանալով այն էական ազդեցությունը, որ հիմա Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, իսկ այդ ազդեցությունն ակնհայտորեն 2020-ի պատերազմից հետո էականորեն ավելացել է, հիմա ուղերձ են հղում Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը ևս օգտագործի այդ ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, որպեսզի հնարավորինս արագ ադրբեջանցիները ստանան այն, նորից եմ ասում, ինչ, իմ գնահատմամբ, իրենց մոտ կա տպավորություն, որ Հայաստանն այս կամ այն ձև համաձայնվել է այդ քայլերը կատարելու», - ասաց Պողոսյանը։

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ղարաբաղում մնացած հայկական ուժերի մնացորդները պետք է դուրս բերվեին Ադրբեջանի տարածքից, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել», - երեկ հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրում։

Ավելի վաղ՝ ամիսներ առաջ, այս հարցը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր բարձրացրել, ով նաև միջազգային կառույցներին ու ՄԱԿ-ին էր դիմել, պնդելով, թե Հայաստանը ապօրինի ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի տարածքում։

Հայկական կողմը Ադրբեջանից հնչող այս մեղադրանքներին ի պատասխան մեջբերում է եռակողմ հայտարարության դրույթը, ըստ որի, նոյեմբերի 9-ից հետո կողմերը մնում են զբաղեցրած դիրքերում։

Ադրբեջանը անհեթեթ մեղադրանքներ է հնչեցնում, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը, նշելով, որ մինչ օրս Բաքուն ակնհայտորեն շարունակում է նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը խախտել։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն այսպիսով փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ եթե որոշ քննարկումներ կամ պայմանավորվածություններ չկատարվեն, ապա իրենք պատրաստ են նաև խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, այդ թվում՝ խաղաղապահների տեղակայման գոտում, այդ իսկ պատճառով էլ հայտարարությունում մի քանի անգամ նշվում է, որ «ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրում»։

«Սա ևս անուղղակիորեն ակնարկ է Ռուսաստանին, որ մենք կարող ենք նաև քայլեր ձեռնարկել 2025-ի նոյեմբերին խաղաղապահ ուժերի դուրս հանելու ուղղությամբ, իհարկե պարզ է, որ միայն Ադրբեջանի ցանկությամբ այդ հարցը չի որոշվում, բայց, ամեն դեպքում, ավելորդ խնդիրներ Ռուսաստանի համար կարող են առաջանալ։ Պարզ է, որ Ռուսատանի համար ամենաիդեալական տարբերակը նա է, որպեսզի Ադրբեջանը համաձայնվի խաղաղապահ ուժերի գործողության ժամկետի երկարացման, այլ ոչ թե ինքը պահանջի դուրս գալ և հետո ինչ-որ պրոցեսներ սկսվեն, սակայն, իմ գնահատմամբ, խաղաղապահ ուժերն այնտեղից դուրս չեն գա, բայց, եթե Ադրբեջանը պահանջի դուրս գալ և ռուսները մնան, ավելորդ խնդիրներ են Ռուսաստանի համար, չեմ կարծում, որ նրանք հակված են այդ խնդիրներին», - ասաց քաղաքագետը։

XS
SM
MD
LG