Հայ - ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ խուսափելով, սակայն, հասցեական մեղադրել Ադրբեջանին Հայաստանի սահմանը խախտելու և տարածքը գնդակոծելու համար։
Զասը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան՝ Հայաստանում արժանանալով անթաքույց հրապարակային քննադատության՝ ՀԱՊԿ փաստացի անգործության պատճառով։
«Իհարկե, արդեն ասել եմ, որ հայ-ադրբեջանական սահմանին նման բախումները սպառնալիք են ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր ողջ ռազմաքաղաքական դաշինքի, այս տարածաշրջանի անվտանգության համար։ Ցավոք, այդպես է։ Տեսնում ենք, որ ներկայում այդ խնդրի կարգավորման հնարավոր ճանապարհ է քաղաքական-դիվանագիտականը, բանակցությունների ճանապարհը, և այդ ներուժը դեռ չի սպառվել։ Ուստի, ելնելով այդ գիտակցումից... դա մեր գիտակցումը չէ, այլ մեր բոլոր անդամ-երկրների գիտակցումն է, այժմ մենք կառուցում ենք մեր աշխատանքը. չխանգարել, այլ օգնել այդ գործընթացին», - հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Երկօրյա աշխատանքային այցի վերջին օրը՝ այսօր, նախատեսված է, որ Ստանիսլավ Զասին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հյուրընկալել էին Հայաստանի արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարները։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, գերատեսչության փոխանցմամբ, Զասի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:
Տե՛ս նաև այստեղ