Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:
Զրուցակիցները անդրադարձել են նաև 2021-ի սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:
Ստանիսլավ Զասն այսօր է ժամանել Հայաստան։ Նա հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ։