Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմափակող վերջին փոփոխությունները


Աշխատանքային ժամին գործընկերոջս՝ Լիլիան Գալստյանին հանդիպում եմ իրենց տան մոտ։ Աշխատանքի չի գնացել, որովհետև արդեն երկրորդ օրն է զրկված է Ազգային ժողովի շենք մուտք գործելու հնարավորությունից, մինչև հաջորդ նստաշրջանը։

Պատճառը Panorama.am կայքի ֆոտոլրագրողի հրապարակած լուսանկարներն են, որտեղ խորհրդարանի աշխատանքային առօրյան ներկայացնող լուսանկարներից մի քանիսում տեսանելի են պահպանության ծառայության աշխատակիցները։ Ինչը, փաստորեն, այսուհետ արգելված է։

«10 տարուց ավել ա Ագգային ժողովում նկարում եմ, երբեք նման խնդրի առաջ չեմ կանգնել։ Միշտ նկարել եմ էն, ինչ որ տեսել եմ, այսինքն՝ արտառոց երևույթներ եթե տեսնում ես, պարտադիր պետք ա նկարես»։

Լիլիանի համար արտառոց էր պահպանության ծառայողների խմբվածությունը մեկ տեղում, ինչն էլ լուսանկարիչը արձանագրել է՝ արժանանալով հատուկ ուշադրության նրանց կողմից. - «Գաղտնի էլ չեմ փորձել նկարել։ Իրանք մոտեցան ինձ, հարցրեցին որտեղից եմ, որ լրատվամիջոցից եմ։ Դե իհարկե, ներկայացա։ Իրենցից մեկը զանգահարել էր բարձր պաշտոնյայի, ասեց էս ամեն ինչը, որից հետո ինձ չասեցին ո'չ ջնջի, ո'չ չի կարելի, կամ մի շարունակի նկարել... ոչինչ չասեցին»։

Ոչինչ չասեցին, բայց պատժեցին։ Հաջորդ օրը Ազգային ժողովից գրություն է ուղարկվել խմբագրություն՝ հետևյալ բովանդակությամբ. - «Լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները հաստատելու մասին» ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։

Օրենքը պետք է հասանելի և մատչելի լինի յուրաքանչյուրի համար, տվյալ դեպքում խախտվել է նաև այս նորմը, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը. - «Նրանք պարտավոր էին նախագիծը շրջանառել լրագրողական համայնքի ներսում, ստանալ նրանցից առաջարկներ, հետադարձ կարծիք, որպեսզի դրանք նույնպես հաշվի առնվեին։ Դա մասնակցային ժողովրդավարության տարրական, նախնական փուլն է։ Հենց այդ օրը ընդունում են, հենց այդ օրը կոնկրետ սահմանափակում են մտցնում։ Որտեղի՞ց պիտի իմանային լրագրողները, թե ինչպիսի կարգ և կանոնակարգեր են գործում, որոնց համապատասխան իրենք իրականացնեին իրենց աշխատանքը»։

Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծում է, որ նման սահմանափակումները Ազգային ժողովում չեն կարող հիմնավորված լինել, քանի որ խորհրդարանը, որպես ներկայացուցչական մարմին, պետք է գործի թափանցիկ. - «Այն նախագծերը և այն մոտեցումները, որոնք դրսևորվում են տարբեր օրենքներում, միտում ունի գաղտնիության շեմը, կամ տեղեկատվության ստացման սահմանները նեղացնելու, որը շատ ավելի պաշտպանողական նշանակություն ունի այն մարմինների համար, որոնք փորձում են մնալ ավելի քիչ թափանցիկ, ավելի քիչ հաշվետու»։

Եթե կա սպառնալիք անվտանգությանը, ապա սահմանափակումները տեղին են, բայց պետք է նաև չխանգարեն լրագրողների աշխատանքին։ Անդրադառնալով այս դեպքին՝ այսօր նման կարծիք է հայտնել Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը. - «Նաև հիշեցնելով, թե ով էր Նաիրի Հունանյանը, լինելով լրագրող, կարող էր ինչեր անել՝ մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ։ Եվ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք։ Դա ի վերջո մեր պետության պաշտպանության հարցն է»։

Միջադեպն արդեն լայն քննադատության է արժանացել հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որով ոչ միայն դատապարտում են կատարվածը, այլև պահանջում անհապաղ վերականգնել Լիլիան Գալստյանի՝ խորհրդարան մտնելու և պատգամավորների աշխատանքը լուսաբանելու իրավունքը։ Առաջարկվում է նաև չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքը սահմափակող վերջին փոփոխությունները և ԶԼՄ-ների հետ քննարկել աշխատանքի նոր տարբերակ։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք այս հարցի շուրջ քննարկում եղել է և արդյոք պատրաստվում են վերանայել արգելքը։ Գրիգորյանն ասաց, որ ինքը դեռևս տեղեկություն չունի, իսկ ավելի վաղ լրատվամիջոցներին ասել էր, որ իրենք դեռևս չեն անդրադարձել այդ հարցին ժամանակի սղության պատճառով՝ հավաստիացնելով, որ հարցը կքննարկվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG