Այսօր երկու փակ գաղտնի քվեարկություններում անհրաժեշտ թվով ձայները չհավաքվեցին։ Եթե առաջին քվեարկության ժամանակ Իշխան Սաղաթելյանին միայն մեկ ձայն էր պակասում ընտրվելու համար, ապա երկրորդ քվեարկությունից հետո ընտրվելու համար պակասում էր արդեն 5 ձայն։
Առաջին քվեարկության ժամանակ 104 պատգամավոր էր մասնակցել ընտրությանը, 53-ը կողմ էին եղել, 50-ը դեմ, ևս մեկ՝ այս դեպքում որոշիչ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։ Երկրորդ քվեարկության ժամանակ մասնակցել էր 103 պատգամավոր, Սաղաթելյանին կողմ էին քվեարկել 49-ը դեմ՝ նույնպես 49 պագամավոր, ընտրության համար անհրաժեշտ 5 քվեաթերթիկները անվավեր էին։
Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ ճգնաժամ է խորհրդարանում, անգամ առաջարկեց հարցն առկախել, անցնել օրակարգի մյուս հարցերին և որոշ ժամանակ հետո կրկին փորձել փոխխոսնակ ընտրել. - «Հիմա փաստացի ունենք պառլամենտական ճգնաժամ, որի լուծումը ես տեսնում եմ հաջորդ հարցի քննարկմանը անցնել Ընդդիմությունը սակայն պնդեց՝ հարցը պետք է լուծել հիմա, և մեզ բոլորիս ժամանակ ունենանք թեկուզ վաղը առավոտյան վերադառնանք այս հարցի քննարկմանը»։
Սակայն ընդդիմությունը պնդեց, որ հարցը պետք է լուծել հիմա, և դարձյալ, արդեն երրորդ անգամ առաջադրեց Իշխան Սաղաթելյանին։
Քանի որ քվեարկությունը փակ է և գաղտնի, հնարավոր չէ պարզել, թե ով է անվավեր քվեարկել, և իշխանությունը և ընդդիմությունը միմյանց են մեղադրում ընտրությունը տապալելու համար։
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը միտում է տեսնում. - «Անվավերների բոլոր դեպքերում «կողմ եմ», «դեմ եմ»-ները կազմակերպված բնույթ է ունեցել։ Իսկ կազմակերպված բնույթ այս հարցում ունի շահագրգռվածություն մեկ կողմ, դա դուք եք։ Դա ակնհայտ է։ Դրանով ուզում էիք ինչի՞ հասնեիք, որ Իշխան Սաղաթելյանը ձեզ ասեր՝ խնդրում եմ, ինձ քվե տվե՞ք։ Իհարկե չի խնդրելու»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հակադարձում է՝ խնդիրը ընդդիմության ներսում է։ Իրենք դեռ առավոտյան էին հայտարարել, որ կապահովեն ճիշտ այնքան ձայն, որքան պակասում է ընդդիմությանը։ Քվեարկություններից հետո էլ պնդեցին՝ պահել են խոստումն ու ապահովել են քվեարկության համար պակասող ձայները։
Իշխող խմբակցության պատգամավորները առաջարկ հնչեցրին՝ ընդդիմադիր փոխխոսնակ ընտրել միայն իշխանական պատգամավորներով։ Ընդդիմադիրները հայտարարեցին՝ առաջարկը մերժում են, գնդակը իշխանության դաշտում է։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ քվե չի խնդրի ձայն. - «Եվ եթե որևէ մեկը իշխող խմբակցությունից այս շարունակ չընտրելով մտքով անցնում է, որ սրանով կարող է մենք գնանք սակարկումների կամ ինչ-որ պայմանավորվածությունների, ասեմ, որ այդպես չի լինելու։ Շարունակեք չքվեարկել»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ գործընթացը տապալելու խնդիր չունեն, երրորդ փոխխոսնակի տեղը ընդդիմությանն է վերապահված Սահմանադրությամբ, իշխող խմբակցությունը կարող է ընդդիմության շարքերից այլ թեկնածու էլ առաջադրել և քվեարկել նրա օգտին, սակայն այդպես չեն վարվում։
«Մենք ուզում ենք, որ ընդդիմության ներկայացուցիչը լինի իրոք ընդդիմության ներկայացուցիչը։ Եվ ուզում ենք հասկանանք ընդդիմությունն ունի՞ միասնական թեկնածու, թե՞ չունի», - հավելեց Վարդանյանը։
Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ պառակտում կա ընդդիմության շարքերում, սակայն դա չի հաջողվի. - «Դուք էս ուզեցել եք օգտագործեք, մեր մեր կռի՞վ գցեք... Նեղն եք հա՞ իբր թե մեզ բռնել... Գիտեք էս սցենարը մենք չե՞նք հաշվել, որ կարաք ձայն չտաք մեր առաջադրած թեկնածուին։ Էս սցենարը վաղուց հաշված ա։ Եվ մենք հենց դրա համար էլ ասում ենք՝ չի փոխվելու թեկնածուն»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, թե չեն պատրաստվում խոչընդոտել, երրորդ քվեարկության ժամանակ էլ կապահովեն անհրաժեշտ ձայները, բայց այս անգամ չեն ասի, թե իրենցից քանի հոգի է քվեարկելու, որպեսզի անվավերների թիվը հնարավոր չլինի հաշվարկել. - «Հանուն այն բանի, որ ընդդիմության թեկնածուն ընտրվի, ես հիմա չեմ հայտարարի, թե քանի ձայնով կավելացնենք։ Բայց մենք կապահովենք ձայների անհրաժեշտ քանակը, որպեսզի պարոն Սաղաթելյանը ընտրվի Ազգային ժողովի փոխխոսնակ ընդդիմության քվոտայով»։
Չորրորդ օրն է, ինչ շարունակվում է Ազգային ժողովի առաջին նիստը, իսկ խորհդրարանի նախագահության ընտրությունը դեռ չի ավարտվել։