Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 200 միլիոնը


ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ

Ջոնզ Հոփքինսի համալսարանի տվյալներով, օգոստոսի 5-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 200 միլիոն մարդ:

Ընդ որում, եթե մեկ տարի է պահանջվել, որ ախտահարվածների թիվը հասնի 100 միլիոնի՝ դա գրանցվել է այս տարվա հունվարի 26-ին, ապա երկրորդ 100 միլիոնը գրանցվել է ընդամենը կես տարում:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով, Երկիր մոլորակն ունի 7 միլիարդ 875 միլիոն բնակիչ. փաստորեն, ամեն 40-րդը վարակվել է կորոնավիրուսով՝ դա բնակչության 2.5 տոկոսն է: Համավարակի բռնկումից ի վեր մահացել է ավելի քան 4 միլիոն 244 հազար 540 հիվանդ՝ դա վարակվածների 2.1 տոկոսն է:

Ենթադրվում է, որ վարակվածների և մահացածների իրական թիվն ավելի բարձր է, քանի որ ախտահարման ոչ բոլոր դեպքերն են հստակ գրանցվել և փաստաթղթավորվել:

Վարակվածների կեսն ապրում է 5 երկրներում՝ ԱՄՆ-ում՝ 35 միլիոն 300 հազար ախտահարված, Հնդկաստանում՝ 31 միլիոն 800 հազար, Բրազիլիայում՝ 20 միլիոն, Ռուսաստանում՝ 6 միլիոն 400 հազար և Ֆրանսիայում՝ 6 միլիոն 300 հազար:

Կորոնավիրուսի տեսակներից վերջին շրջանում գերակայողը դարձել է «դելտա» շտամը, որը շատ արագ է տարածվում:

Այնուամենայնիվ, գոյություն ունեցող պատվաստանյութերը, բժիշկների փոխանցմամբ, արդյունավետ են նաև «դելտայի» դեմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), բոլոր երկրների մասնագետները միաձայն պնդում են, որ համավարակին վերջ տալու միակ ճանապարհը զանգվածային պատվաստումն է:

Այսօրվա դրությամբ աշխարհում ներարկվել է վակցինայի մոտ 4 միլիարդ դեղաչափ: Զարգացած երկրներում հիմա ծրագրում են COVID-19 հիվանդության դեմ իմունիտետը խթանող երրորդ դեղաչափը տրամադրելու հնարավորությունը: Ենթադրվում է, որ դրա կարիքն ունեն հատկապես տարեցները և ռիսկային խմբում գտնվողները:

Մինչդեռ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում գործել համերաշխ, սառեցնել երրորդ դեղաչափի ներարկումները և նախ ապահովել աշխարհի յուրաքանչյուր երկրի բնակչության գոնե 10 տոկոսի պատվաստումը:

«Հարկ է անհապաղ փոխել պատվաստանյութերի մեծ մասը զարգացած երկրներ ուղարկելու միտումը և դրանց մեծ մասն ուղարկել ցածր եկամուտով երկրներ, ուստի, ԱՀԿ-ն կոչ է անում մինչև սեպտեմբեր դադարեցնել երրորդ դեղաչափի տրամադրումը և ընձեռել ցածր եկամուտով երկրների բնակիչների առնվազն 10 տոկոսին պատվաստելու հնարավորություն»,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի մասնագետների համոզմամբ՝ բարձր եկամուտով երկրների բարոյական պարտքն է կորոնավիրուսի դեմ պայքարում սատարել ցածր կենսամակարդակ և զարգացման ցածր աստիճան ունեցող պետություններին:

XS
SM
MD
LG