Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է երկրի ուժային կառույցներին «փակել երկրի պետական սահմանների յուրաքնչյուր մետրը»։
Բելառուսի նախագահի այս հանձնարարությունը հնչել է Լիտվայի հետ սահմանին ներգաղթյալների շուրջ ծագած ճգնաժամի ֆոնին։
«Ո՛չ հյուսիսից, ո՛չ հարավից, ո՛չ արևմուտքից, ո՛չ արևելքից որևէ մեկը չպետք է ոտք դնի Բելառուս», - Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։
Այս հայտարարությունները հնչել են Լիտվայի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների հետ տեղի ունեցած վերջին միջադեպերից հետո։
Լիտվայի իշխանությունները ուժեղացրել են Բելառուսի հետ սահմանի վերահսկողությունը՝ այդ երկիր վերադարձնելով անօրինական ներգաղթյալների մի քանի մեծ խմբերի։
Երրորդ երկրների՝ նախևառաջ Իրաքի քաղաքացիների հոսքը դեպի Լիտվա մեծացավ հունիսին՝ այն բանից հետո, երբ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներին ի պատասխան Բելառուսի նախագահը հայտարարեց, որ պաշտոնական Մինսկը այլևս նույն աչալրջությամբ չի վերահսկելու իր տարածքով անցնող միգրացիոն հոսքերը։