Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ուղարկի Պետդումայի ընտրություններին


ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ուղարկելու սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին, այս մասին ասված է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ խորհրդարանական վերահաժողովի հրապարակած հայտարարությունում։

«ԵԱՀԿ-ն չի կարողանա դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին, քանի որ Ռուսաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով պայմանավորված նոր կանոններ են սահմանել», - ասված է հայտարարությունում։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մատտեո Մեկաչիի խոսքով՝ կազմակերպության համար կարևոր է ինքնուրույն որոշել դիտորդների անհրաժեշտ թիվը։ Նրա փոխանցմամբ, դիտորդների թիվը սահմանափակելու՝ Ռուսաստանի իշխանությունների պահանջը, նման որոշումն անխուսափելի է դարձրել;

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել և ապահովել միջազգային դիտորդների անվտանգ ներկայությունը Պետդումայի առաջիկա ընտրություններին։ Սակայն արտգործնախարարությունից միևնույն ժամանակ նշել էին, որ միջազգային դիտորդներին ահնրաժեշտ կլինի պահպանել «Ռոսպոտրեբնադզորի» սահմանած բոլոր պահանջներն, այդ թվում՝ դիտորդների թվի մասին։

Մոսկվան պատրաստ էր ընդունել ԵԱՀԿ-ից ոչ ավելի քան 50 և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից 10 դիտորդների։ Սահմանափակումների պատճառը երկրում սանիտարական համաճարակաբանական իրավիճակն է, ասում են Ռուսաստանի իշխանությունները։

Պետդումայի ընտրություններն անցնելու են սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին՝ երեք օր համավարակի պատճառով։ Ռուսաստանի կոշտ ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցելու։ Ալեքսեյ Նավալնին հունվարից կալանավայրում է, իսկ նրա թիմակիցների մեծ մասը հրաժարվել է պայքարից և մեկնել երկրից։

Ընտրություններին մասնակցելու է լիբերալ «Յաբլոկո» կուսակցությունը, սակայն կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին կոչ էր արել Նավալնիի աջակիցներին՝ իր կուսակցությանն ընտրություններին ձայն չտալ, քանի որ ինքը չի կիսում Նավալնիի պայքարի կոշտ մեթոդները։

Սեպտեմբերին կայանալիք ընտրությունների հիմնական ինտրիգն այսօր ոչ թե Նավալնիի շուրջ է, այլ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պավել Գրուդինինի շուրջ։

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կոմունիստների ցուցակից հանել էր Գրուդինինի անունը՝ նշելով, թե նրա նախկին կինը հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ այն մասին, թե Գրուդինինը ներդրումներ ունի արտերկրում, ինչն օրենքով արգելված է։

Կոմունիստական կուսակցությունը, սակայն, հայտարարում է, որ մինչև վերջ պայքարելու է, ինրենց բնորոշմամբ, ԿՀԸ անօրինական որոշման դեմ։

Պավել Գրուդինինը 2018-ի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հիմնական մրցակիցն էր։ Նրա դեմ էին աշխատում ռուսական դաշնային բոլոր հեռուստաընկերությունները։ Այդ ընտրություններին Գրուդինինը ստացավ ձայների շուրջ 12 տոկոսը և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Գրուդինինին Ռուսաստանում շատերը համեմատում են բռնապետ Ստալինի հետ, իսկ Ստալինի վարկանիշը վերջին 10 տարիներին Ռուսաստանում կրկնակի աճել է։ «Լևադա» կենտրոնի երեկ հրապարակած հարցման համաձայն, ռուսաստանցիների շուրջ 40 տոկոսը կողմ է, որ տեղադրվի Ստալինի հուշարձանը, այս գաղափարին դեմ է հարցվածների 20 տոկոսը։

XS
SM
MD
LG