Մատչելիության հղումներ

Սահմանին ադրբեջանցիները շարունակում են անասնագողությամբ զբաղվել, ահազանգում է Թաթոյանը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զրուցում է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորների հետ, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զրուցում է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորների հետ, արխիվ

Ադրբեջանական զինծառայողները գողացել են Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ այս մասին ստուգված ահազանգեր է ստացել:

«Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին: Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել: Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն», - փոխանցում է օմբուդսմենը:

Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատել են համայնքային մարմինները:

«Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի, առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը», - գրում է Թաթոյանը:

Նշված դեպքերը հաստատում են, որ Հայաստանի բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի, շեշտում է Արման Թաթոյանը:

XS
SM
MD
LG