Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվեց փոխվարչապետ:
Նախագահը նաև նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել, այսպիսով Կարեն Անդրեասյանը նշանակվեց արդարադատության, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարարներ։ Արդարադատության նախկին նախարարը, ապա՝ պաշտոնակատարը Ռուստամ Բադասյանն էր, ֆինանսներինն՝ Ատոմ Ջանջուղազյանը:
Իրենց պաշտոններում վերստին նշանակվեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։
Ազգային ժողովի կազմավորմանը զուգահեռ ձևավորվում է նաև կառավարությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանի առաջարկով երեկ Սուրեն Պապիկյանին նշանակեց փոխվարչապետ, Արշակ Կարապետյանին՝ պաշտպանության նախարար, Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ Գնել Սանոսյանին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, Նարեկ Մկրտչյանին՝ սոցապ նախարար։