Թբիլիսիում, առայժմ անհայտ հանգամանքներում, մահացել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեին Բակիխանովը։
Երիտասարդի մտերիմներից մեկը՝ գերմանիայում բնակվող հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին պնդում է, թե նրա դին երեկ է հայտնաբերվել Վրաստանում, որտեղ նա քաղաքական ապաստան էր հայցել։
Ըստ Մուխտարլիի, Թբիլիսիի ոստիկանությունում չեն բացառել, որ բլոգերը ցած է նետվել բարձրահարկ շենքից, վրացի իրավապահները, սակայն, առայժմ պաշտոնական որևէ հաղորդագրություն չեն տարածել։
Շաբաթներ առաջ՝ հուլիսի 12-ին, երիտասարդ ակտիվիստը տեսաուղերձ էր հրապարակել YouTube-ում, և պնդել, թե ծեծի է ենթարկվել մի քանի ադրբեջանցիների կողմից Թբիլիսիի կենտրոնում։ Բակիխանովը չէր բացառել, որ հարձակման հետևում Ադրբեջանի իշխանություններն են կանգնած, տեսանյութը վերնագրելով՝ «Դավադրություն կառավարության կողմի՞ց, վրեժխնդրություն, թե՝ պատահականություն»։