Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը։
Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Ադրբեջանը նաև անպատասխան է թողնում իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները։
«Ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ, ապրիլի 13-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո։ Ուզում եմ հիշեցնել, որ մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացը՝ առաջարկվող ֆորմատով», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրասատակամությունը։ Այսուհանդերձ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություներով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»։
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։
Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այս գիշեր և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։
Տես նաև այստեղ