Մատչելիության հղումներ

Շիրակի պոլիկլինիկաներում վերջին օրերին պատվաստանյութի դեֆիցիտ կա


Շիրակում կորոնավիրուսի դեմ շուրջ 12 հազար քաղաքացի է պատվաստվել՝ մարզի բնակչության 4-5 տոկոսը: Պարզվում է վերջին օրերին պոլիկլինիկաներում պատվաստանյութի դեֆիցիտ կա: Չինական «Կորոնավակ» այլևս չկա, «Սպուտնիկ Վի» և «ԱստրաԶենեկա» պատվաստանյութերն էլ պոլիկլինիկաներում վերջացել են: Խնդիրը տեխնիկական է, վստահեցնում է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշոնակատար Լեյլի Ասլանյանը:

«Դեֆիցիտի մասով ասեմ որ ուղղակի տեխնիկական խնդիրներ են ծագել, դրանք արագ կհարթվեն, ես նախարարությունից ունեմ տեղեկատվություն, դրանք կհարթվեն և անհրաժեշտ խմբաքանակը կլինի։ Հայաստանում էս պահին երկու տեսակ պատվաստանյութ է՝ «ԱստրաԶենեկա» և «Սպուտնիկ Վի», «Կորոնավակն» արդեն սպառվել է, երկրորդ պատվաստումը կիրականացվի «Կորոնավակ»-ով և, ամենայն հավանականությամբ, «Կորոնավակ» չենք ունենա, դա, գիտեք, Չինաստանի նվերն էր հանրապետությանը, սպառվել է, հիմա երկու պատվաստանյութն է, իսկ խմբաքանակների հետ կապված կարծում եմ խնդիր չի լինի», - ասաց Ասլանյանը։

Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրեասյանը պնդում է, որ վերջին շրջանում պատվաստվել ցանկացողների թվի դինամիկ աճ կա:

«Մեր պոլիկլինիկայում արդեն կրկնապատվաստումներով հանդերձ մոտավորապես 700 պատվաստում արվել է, բարեբախտաբար պետք է նշեմ, որ որևէ լուրջ խնդիր, բարդություններ պատվաստումների հետ կապված չենք ունեցել։ Հիմնականում թեթև արտահայտված կլինիկական երևույթներ են եղել, տեղային երևույթներ՝ սրսկման տեղում կարմրություն։ Երեք տեսակի պատվաստանյութերով էլ ահագին պատվստումներ արել ենք, որևէ լուրջ խնդիրներ ու բարդություններ չենք ունեցել։ Վերջին ժամանակներս որոշակի ակտիվություն նկատվում է, հատկապես այն քաղաքացիների մոտ ովքեր հատկապես նպատակ ունեն երկրից դուրս գալու», - ասաց Անդրեասյանը։

Մարզպետարանի ներկայացուցիչը կարծում է՝ աճ կգրանցվի, եթե որոշում ընդունվի, որ պատվաստումները որոշ ոլորտների աշխատակիցների համար պարտադիր են, կամ էլ, որ աշխատանքի գնալու համար անձը պետք է իր հաշվին 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնի գործատուին։

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են օգոստոսի կեսերին սահմանափակումների նոր փաթեթ ներկայացնել, չի բացառվում, օրինակ, որ եթե ուսուցիչներն ու դասախոսները չպատվաստվեն, նրանց դասերը հեռավար անցկացվեն․ - «Այսօր արդեն շրջանառության մեջ է դրվել նաև նախագիծ, նախարարի հրամաններ կան սանիտարահամաճարակաբանական նորմատիվների վերաբերյալ, որոնց մեջ փոփոխություն է իրականացվել, համաձայն որի, մարդիկ, ովքեր չեն ընտրում պատվաստվելու ճանապարհը, 14-օրյա պարբերականությամբ պետք է ներկայացնեն գործատուին բացասական ՊՇՌ թեստի պատասխան, իսկ պատվաստվածները պետք է ներկայացնեն գործատուին նաև տեղեկանք պատվաստման վերաբերյալ», - ասաց Լեյլի Ասլանյանն՝ ընդգծելով․ - «Պատվաստումը պարտադիր չէ, բայց, գիտեք, պատվաստման նպատակը վարակի տարածման կանխարգելումն է, մահացության ցուցանիշների նվազեցումն է, այսինքն՝ հանրապետության պատասխանատուները տարբեր գործիքներ ենք կիրառում, որպեսզի կարողանան ապահովել պատվաստումային բարձր ցուցանիշներ, որը նպատակ ունի կանխարգելել հիվանդության տարածումը, ծանր դեպքերի ի հայտ գալը և նվազեցնել մահացության ցուցանիշները»։

Շիրակի մարզում վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդների թիվն էական կրճատվել է ու հիվանդանոցներում քովիդի ստացիոնար բաժանմունքներ չկան: Հիվանդների թիվը 100-ի էլ չի հասնում: Այդուհանդերձ, մասնագետները չեն բացառում վիրուսի նոր ալիքը մոտ ապագայում։

XS
SM
MD
LG