Մատչելիության հղումներ

Հարությունյանը հրաժարվում է մանդատից և շարունակում գործունեությունը Շիրակի մարզպետի պաշտոնում


Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը այս արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 38 համարն էր, մանդատից հրաժարվել է և կշարունակի պաշտոնավարումը մինչև, ինչպես նշեց, իր քաղաքական թիմը քաղաքական որոշում կայացնի:

«Ես ներկայացրել եմ ինքնաբացարկի դիմում, որպեսզի չվերցնեմ մանդատ, այս պահին շարունակում եմ իմ գործունեությունը Շիրակի մարզպետի պաշտոնում, հետագայում արդեն քաղաքական թիմը որոշում կկայացնի՝ շարունակել այստեղ, թե այլ աշխատանքի, թե ընդհանրապես չաշխատել, դա արդեն քաղաքական որոշում կլինի», - ասաց Հարությունյանը:

Արտահերթ ընտրություններում մեծամասնություն ստացած իշխանությունները հայտարարում են, որ օրենքի դիկտատուրա հաստատելու համար պողպատե մանդատ են ստացել։ Արդեն վեց ամիս պաշտոնավարող մարզպետից հետաքրքրվեցինք՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ փոխելու է իր աշխատելաոճը։

«Հիմնական փոփոխությունները կամ ավելի շատ ուշադրությունը մարզպետարանի աշխատանքի լինելու է ավելի շատ բովանդակային առումով: Ի նկատի ունեմ՝ բոլոր մասնագիտական ստորաբաժանումները ևս մեկ անգամ պետք է վերանայեն իրենց աշխատաոճը, որովհետև այս մի քանի ամիսների ընթացքում, երբ որ ես աշխատում էի, ես տեսնում էի, որ կան բացեր, որոնք իրականում կարելի է լրացնել և ավելի բարձրացնել մարզպետարանի աշխատանքի որակը: Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու այդ պողպատե մանդատի օգտագործումը», - ասաց Հարությունյանը:

Մարզպետը չբացառեց, որ կրճատումներ կլինեն. «Կլինեն նաև կադրային փոփոխություններ, իհարկե: Այն աշխատակիցները, ովքեր իրենց աշխատանքի մեջ, ինչպես ես նշել էի, չի լինի ամենակարևոր մոտիվացիան՝ երկիրը հզորացնելը, նրանց հետ ես ճանապարհ չեմ գնալու, այն աշխատակիցները, ովքեր տեմպին չեն դիմանա, կարծում եմ, նրանք ինքները կհասկանան, որ անելիք չունեն այն թիմում, որտեղի տեմպին հնարավոր չէ դիմանալ»

Իսկ քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացվողներ կլինե՞ն, թե՝ ոչ, Հարությունի կուսակից, Արամ Խաչատրյանն, օրինակ, հայտարարել էր, որ ընտրություններում պարտություն կրած ուժերին սատարած համայնքապետերը պետք է հրաժարական տան։ «Քաղաքական հայացքները, ինչպես սկզբից, այնպես էլ հիմա ես հստակ բարձրաձայնում եմ, որ քաղաքական հայացքը չի կարող լինել կադրերի ընտրության պատճառ», - ասաց Հովհաննես Հարությունյանը:

Առաջիկայում Գյումրիում ՏԻՄ ընտրություններ են: Օգոստոսին կսկսվեն առաջադրումները: «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդյոք կողմնորոշվե՞լ է Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում: «Քաղաքական որոշում պետք է լինի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուն, ով որ պետք է գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրու ընտրություններում, թե՛ մնացած տեղերում: Այնպես որ կարծում եմ, մենք ունենք ժամանակ, բայց շատ քիչ, և շուտով, ինձ թվում է, բոլորն այդ մասին տեղյակ կլինեն», - ասաց Հարությունյանը:

Ի դեպ, մյուս քաղաքական ուժերը ևս դեռ չեն հայտարարում, թե մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին և ովքեր են իրենց քաղաքապետի թեկնածուները։ Հայտնի չէ, նաև թե արդյոք կառաջադրվի Գյումրին արդեն ինը տարի ղեկավարող Սամվել Բալասանյանը և որ կուսակցության ցուցակով։

Շիրակի մարզպետը այսօր խոսեց նաև մարզում այս պահին առկա մի խնդրից: Հատկապես շինարարությունում աշխատանք կա, բայց պարզվում է՝ աշխատող չկա. «Այս պահին նաև շինարարական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել է բանվորական և վարպետների սղություն, դա իրականում պայմանավորված է, որ շատ շինարարական աշխատանքներ մի քիչ ավելի ուշ սկսվեցին, և մարդիկ պարզ է, որ եթե պետք է աշխատեին, ստիպված գնացել են արտագնա աշխատանքի: Հիմա մենք մեր խողովակներով փորձում ենք այդ մարդկանց տեղյակ պահել, որ այստեղ նույնպես կա աշխատանք»:

Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էր խոսել մի քանի ոլորտներում, այդ թվում, շինարարությունում աշխատողների պակասի մասին։ Շիրակի մարզպետն ասում է՝ եթե ծրագրերը մինչև խոպանի սեզոնը մեկնարկեին, միգուցե շատերը նախընտրեին հայրենիքում աշխատելը։ Նժարի մի կողմում է դնում է արտագնա աշխատանքից ստացվող փոքր ինչ բարձր վարձատրությունը, մյուս կողմում՝ տեղում աշխատելու առավելությունները:

«Եթե մենք դնում ենք ընդամենը գումարը, միգուցե այստեղ մի քիչ ցածր է ստացվում, բայց երբ որ գնալ-գալու ծախս, փող ուղարկելու տոկոսներ, մի մարդը այնտեղ ապրում է և իր ընտանիքը այստեղ է պահում, այդ ամեն ինչը համեմատում ես, ստացվում է՝ այստեղ ավելի բարձր են ստանում», - ասաց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG