Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության հաղորդմամբ, կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Ըստ պաշտոնական Երևանի, Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
Պաշտոնական Կրեմլը դեռ մանրամասներ չի հաղորդում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից, որը կայացել է Ադրբեջանի նախագահի՝ այս շաբաթ Մոսկվա կատարած այցից հետո։