Մատչելիության հղումներ

Մասնագետների մեծ պահանջ կա ՏՏ ոլորտում և ոչ միայն. մասնագետները դա կրթական համակարգի բացն են համարում


Աշխատաշուկայում մասնագետների սուր պահանջ կա, փաստում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։ Վահան Քերոբյանն այդ մասին այսօր Ֆեյսբուքում է գրել: Պահանջարկը հատկապես շինարարության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակող արդյունաբերության, նույնիսկ տրանսպորտի՝ տաքսիի ոլորտում է։

«Հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու», - գրել է նախարարի պաշտոնակատարը:

Տարիներ շարունակ մասնագետների մեծ պահանջ կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Որակյալ մասնագետներ ՏՏ ընկերությունները դժվարությամբ են գտնում կամ բացը կադրեր պատրաստելով են լրացնում։ Ոլորտի խոշոր ընկերություններից «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասում է՝ անգամ այդ դեպքում խնդիրը կրկին ամբողջովին չեն կարողանում լուծել։ Ընկերությունը հիմա էլ բազմաթիվ որակյալ մասնագետների պահանջ ունի. «Մեր համալսարանների բյուջեները որ նայում եք, ծիծաղելի են, օրինակ, այսինքն` պետական բուհերի բյուջեները որ գումարում ենք, նույնիսկ 100 միլիոն դոլար չի անցնում, իսկ աշխարհի առաջատար բուհերը մեր երկրի պետական բյուջեին հավասար կամ ավելի բյուջեներ ունեն:

Եվ այդ բյուջեն ինքնանպատակ չի, դա նրա համար է, որպեսզի կարողանան ապահովել տեխնիկական բազան, համալսարանների հագեցվածությունը տեխնիկական, լաբորատորիաների առկայությունը և այլն»:

Հովիկ Մուսայելյանը բացատրում է՝ խնդիրը կրթական համակարգում է, բուհերը չեն կարողանում իրենց ունեցած ռեսուրսներով մրցունակ կադրեր պատրաստել։ Համալսարաններն իրենց ունեցած փոքրիկ բյուջեներով չեն կարողանում առաջին հերթին սեփական դասախոսներին պատրաստել, հոգալ նրանց վերապատրաստման ծախսերը, բացի այդ լրացնել տեխնիկական բազայի հագեցվածությունը. «Ես, օրինակ, չեմ ընդունում այն մասնավոր ընկերությունների հայտարարությունները, որոնք այսպես ասում են` բուհերը չեն կարողանում մեզ համար կադր պատրաստել, իսկ դու ի՞նչ ես անում, բուհերի հետ ի՞նչ համագործակցության եզրեր ես գտնում, որպեսզի բուհն այնպիսի կադրեր տա, որոնք կարողանաս դու օգտագործել, այսինքն` եթե մասնավորն ինքը բուհի հետ ծրագրեր չի իրականացնում նախապատվորեն, որոկյալ կադրեր պատրաստելու, ինքը, կոպիտ ասած, մունաթ գալու իրավունք էլ չունի, որովհետև մեր համալսարաններն ինքնուրույն չեն կարող այդ հարցրեը լուծել»:

Դա է պատճառը, որ «Սինոփսիս Արմենիա»-ն գործակցում է համալսարանների հետ, միլիոնավոր դոլարների ներդրումներ են անում կրթական տարբեր ծրագրերում. «Ամբիոնները որ համալսարաններում ստեղծել ենք, մեր լավագույն մասնագետներն ընկերությունում աշխատելու, նրանցից շատերն իրենք դասավանդում են նաև համալսարաններում` այդ ամբիոններում, որովհետև իրենք հենց կրիչն են առաջատար տեխնոլոգիաների, իրենք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում պարտադրված են անընդհատ վերաորակավորվելու, և իրենք տիրապետում են այդ նորագույն տեխնոլոգիաներին, և ուսանողն իրենցից ստանում է հենց այն ինֆորմացիան, ինչ իրեն պետք է կիրառական իմաստով հենց սովորելու ընթացքում, աշխատելու, կամ բուհն ավարտելուց հետո անմիջապես որ ինքն ինտեգրված լինի այդ տեխնոլոգիական պրոցեսներում», - նշում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը:

Համապատասխան մասնագետների պակասը տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս բացատրում է կրթական համակարգի բացով։ Մասնագետն ասում է՝ տարիներ շարունակ այս ոլորտն անտեսվում է պետության կողմից. «Այստեղ կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Կրթության նախարարությունը պետք է իրենց որոշիչ դերակատարությունն ունենան, ոչ թե պետք է բողոքել իրավիճակից, որ մասնագետներ չունենք համապատասխան, այլ կոնկրետ որոշում կայացնեն, որ այս կամ այն բուհը պետք է փակվի, և դրա փոխարեն ուսանողները գնան IT ոլորտ սովորեն, գնան, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ կամ փորձառություն ունենան այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ մեզ մոտ կրթություն-պետություն-տնտեսություն եռանկյունին չի աշխատում»:

Տնտեսագետը նկատում է՝ բոլոր կառավարությունների օրոք նմանատիպ հայտարարություններ են արվում` աշխատատեղ կա, մասնագետ չկա։ Բայց խնդիրն, ասում է, միայն որակյալ մասնագետների սղությունը չէ, այլ նաև ոչ գրավիչ աշխատավարձերը. «Պաշտոնական վիճակագրությամբ` մեր աշխատողների 25 տոկոսն աշխատող աղքատներ են, այսինքն` նրանք աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց նրանք համարվում են աղքատ, քանի որ նրանք հանդիսանում են, օրինակ, իրենց ընտանիքի միակ աշխատողը, և հարյուր հազար դրամը, որ իրենք ստանում են, ընտանիքի չորս անդամի դեպքում բավարար չէ, այդ ընտանիքն ուղղակի աղքատ է համարվում»:

Պարսյանի խոսքով՝ մարդիկ առանձին դեպքերում նախընտրում են նպաստ ստանալ, քան աշխատել։ Մասնագետը կարծում է՝ նույն Էկոնոմիայի նախարարությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեին, որ մարդկանց ձեռնտու չլիներ նպաստ ստանալը. «Հիմա մարդիկ չեն աշխատում, որ նպաստ ստանան կամ աշխատելուց էլ սև շուկայում են աշխատում», - նշում է Պարսյանը:

Ի դեպ, Վահան Քերոբյանն արձանագրել է` 2021թ. հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է «բուռն աճել` սահմանել հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ` 643 հազար 256», մայիսից թիվն աճել է 8305-ով:

XS
SM
MD
LG