«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն իր վրդովմունքն է հայտնել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության առնվազն հինգ նախկին և ներկայիս լրագրողների սմարթֆոնների՝ Pegasus լրտեսական ծրագրով հնարավոր թիրախավորման մասին բացահայտումների առնչությամբ:
«Վրդովեցուցիչ է, որ 21-րդ դարում այդքան շատ կառավարություններ հետամուտ են լինում ազատ խոսքի արգելափակմանն ու լրագրողների կողմից իրենց համաքաղաքացիներին անաչառ լուրերի և տեղեկատվության մատուցման կանխարգելմանը», - հայտարարել է Ֆլայը՝ հավելելով. - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը խստորեն դատապարտում է այդ փոքրոգի միջամտությունը աշխատող լրագրողների անձնական կյանքին»:
Ջեյմի Ֆլայն ընդգծել է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տևական ժամանակ լուսաբանել է «Ազադլիք» ռադիոյի դեմ Ադրբեջանի կառավարության չարաշահումները, և պաշտոնական Բաքվին կոչ է արել դադարեցնել ռադիոկայանի կայքի արգելափակումը, «Ազադլիք»-ի աշխատակիցներին հետևելը և բյուրոյի նախկին ղեկավար Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումները:
17 լրատվական կազմակերպությունների և Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագծի երկու օր առաջ հրապարակված հետաքննությունը բացահայտել է կապեր Իսրայելում գործող՝ կառավարություններին լրտեսական ծրագրեր մատակարելու մեջ մեղադրվող NSO Group-ի և շուրջ 50 հազար հեռախոսահամարների տվյալների բազայի արտահոսքի միջև: Այդ հեռախոսահամարները, ըստ հետաքննության, պատկանել են 2016 թվականից սկսած ընկերության հաճախորդներին հետաքրքրած անձանց:
NSO Group-ի հաճախորդների թվում, ըստ հետաքննության, Ադրբեջանի, Բահրեյնի, Հունգարիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Մեքսիկայի, Մարոկոյի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տոգոյի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարություններն են: