«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։
Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից և որոշման մասին դիմումն արդեն ներկայացվել է ԿԸՀ։ «Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Քոչարյանը։
ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 21-ն է՝ աշխատանքային օրվա ավարտը։