Մատչելիության հղումներ

Պատգամավորների ծախսերի ավելացման փոփոխությունն այս տեսքով խայտառակություն է, փողերի մսխում. Լևոն Բարսեղյան


Քաղհասարակության ներկայացուցիչները պատգամավորների ծախսերի հնգապատիկ ավելացման օրենսդրական փոփոխության մասին ուղերձով դիմել են Ազգային ժողովին։

Հայտարարում են՝ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացումը պատշաճ ուսումնասիրված չէ, այսպիսի ավելացումն այս ձևով իրականացնելը և ապա բյուջեի միջոցները այդ նպատակով ծախսելը ռիսկային են արդյունավետության և կոռուպցիայի տեսանկյունից, և որ իշխանությունը երկրի համար այս բարդ և ծանր ժամանակահատվածում պարտավոր է հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովել, հանրային վստահությունը չչարաշահել։

Նախորդ շաբաթ հեռացող Ազգային ժողովն արտահերթ նիստում բացառապես իշխանական պատգամավորների ձայներով ընդունեց յուրաքանչյուր օրենսդիրի ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար դարձնելու նախագիծը։ 250 հազար դրամը գումարվելու է պատգամավորների ամսական աշխատավարձին։ Օրինագծի իշխանական հեղինակները հիմնավորել էին, թե գործող կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ տարիների ընթացքում տեղի է ունեցել ծախսերի էական ավելացում։

Հանրային միջոցները պետք է ծախսվեն հրապարակային, թափանցիկ և պատասխանատու կերպով, իսկ այս փոփոխությունը չի ապահովում վերը նշված և որևէ պայմանը, կարծում է քաղհասարակության ուղերձը նախաձեռնած Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը. «Փողերի այդպիսի ծախսումը համարում ենք մսխում, այդ տեսքով խայտառակություն է այդ փոփոխությունը, խայտառակություն էր նաև նախորդը` 50 հազարն էլ է փաստորեն վճարվել ստանդարտ` առանց որևէ ֆինանսական հիմնավորումների: Պատգամավոր է ու չի արել այդ ծախսը, որպես ի՞նչ եք տալիս այդ գումարը պատգամավորին»։

Բարսեղյանի խոսքով՝ առաջարկում են օրինակ, ծախսերը հստակ հիմնավորել, թե որքան գումար ինչի վրա է ծախսվելու, դրանք պետք է փաստաթղթավորված լինեն, ՀԴՄ կտրոններով: Հայտարարում է, որ չի կարող լինել օրենքով հաստատված գումարի չափ, պետք է լինի այնքան, որքան ծախսում է պատգամավորն իր պարտականությունները կատարելիս. «Յուրաքանչյուր պատգամավոր, ծախսելով հանրային միջոց` թող լինի 250 հազար դրամ, պարտավոր է հրապարակել` ինչքան գումար ինչի համար է ծախսել, ինչ նպատակով և այդ նպատակի հետ կցել ծախսային փաստն ապացուցող փաստաթուղթ, որի հիման վրա նոր պիտի փոխհատուցում ստանա Ազգային ժողովից, ոչ թե ստանդարտ ու համահավասար, որովհետև պատգամավորները անհնար է, որ ստանդարտ և համահավասար ծախսեր անեն, այլ շատ կոնկրետ, ճշգրիտ և պատասխանատու կերպով: Այս ծախսերը պիտի լինեն ողջամիտ, չեն կարող լինել ընդհանրական, մոտավորապես` հաշիվ փակեցի, ուղղաթիռով գնացի Սիսիան, եկա և այլն», - նշում է Բարսեղյանը։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կասկածելի է համարում, որ գումարը համաչափ է, առանց բացառության բոլոր պատգամավորներն են ստանալու. «Որովհետև ոչ բոլորն են մարզային այցելություններ ունենում, ոչ բոլորն են ունենում փաստաթղթային կամ օրենսդրական նախաձեռնությունների համար տարբեր տիպի փաստաթղթերի տպագրման կարիքներ, այսինքն` ցանկացած ֆինանսավորում պետք է տրամադրվի ըստ կարիքների։ Մենք կարիքների գնահատումներ որպես այդպիսին չենք կատարել։

250 հազար դրամ ամսական քիչ գումար չի, դա փաստացիորեն եռապատիկ ավելի է, քան մինիմալ աշխատավարձը և նույնիսկ ավելին, և այդ ֆինանսական միջոցները հենց այնպես տրամադրելը առանց որևէ հաշվետվողականության համարում եմ ոչ միայն անարդյունավետ, այլև պետական միջոցների վատնում»։

Սոցիալական ծանր պայմաններում հայտնված քաղաքացիների կարիքներին բավարար արձագանք չկա, ասում է իրավապաշտպանը` շարունակելով՝ մինչդեռ չգիտես` ինչու առաջին հերթին լուծում են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերի հարցը:

«Նմանատիպ աղքատության մակարդակ ունեցող երկիրը, որ անցել է պատերազմի միջոցով, և բավականաչափ ծախսեր կրճատվում են, այդ թվում` գիտությանը և կրթությանը տրամադրվող միջոցները, տրամադրել պատգամավորներին իրենց ամսական ծախսերի համար` հնգապատիկ ավելի միջոցներ, նաև բարոյական այսպիսի չափանիշի անցում է, այսինքն` մենք ստեղծում ենք հասարակության մեջ արտոնյալների շերտ, արտոնյալների խավ, որոնք կարող են անհաշվետու միջոցներ ունենալ հարկատուների հաշվին», - կարծում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նախագծի համահեղինակ, իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, արձագանքելով այն դիտարկումներին, որ ծախսերը նաև հաշվետվություն են ենթադրում, ավելի վաղ ասել էր՝ հաշվետվություն ներկայացնելու համար էլ լրացուցիչ հաստիքներ է պետք բացել. «Նման փոքր բյուջեի առումով պահանջել ֆինանսական հաշվետվություն, կնշանակեր ադմինիստրատիվ մեծ ծախս... ու վախենամ էնքան, ինչքան էս բյուջեն ա, էնքան էլ գումար պահանջվեր, որպեսզի Ազգային ժողովը հավելյալ ադմինիստրատիվ անձնակազմ պահեր այս ֆինանսական հաշվետվությունը ապահովելու համար», - ասել էր նա։

Քաղհասարակության ուղերձին միացել է 3 տասնյակից ավելի կազմակերպություն և ավելի քան 300 անհատ։

XS
SM
MD
LG