Մատչելիության հղումներ

Առաջին անգամ ադրբեջանական պատվիրակություն է այցելում Կիպրոսի թուրքական հատված


Թուրքիայի նախագահ Էրդողանը և Կիպրոսի թուրքական առաջնորդ Էրսին Թաթարը մասնակցում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության հռչակագրի տարեդարձի տոնակատարության արարողությանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Էրդողանը և Կիպրոսի թուրքական առաջնորդ Էրսին Թաթարը մասնակցում են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության հռչակագրի տարեդարձի տոնակատարության արարողությանը, արխիվ

Առաջին անգամ ադրբեջանական պաշտոնական պատվիրակություն է այցելում Կիպրոսի թուրքական հատված, այսպես կոչված հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետություն, որը միջազգային հանրությունը չի ճանաչում:

Հուլիսի 20-ին թուրքական Կիպրոսը նշում է 1974 թվականին Թուրքիայի զորքերի ափհանման օրը, ինչը թուրքական զորքերի ներխուժում էր Կիպրոս, Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիա, բայց Անկարան դա ներկայացում է հույն ազգայնականների հեղաշրջումից Կիպրոսի թուրք բնակչությանը պաշտպանելու գործողություն, և այդ օրվանից Կիպրոսը մասնատված է երկու՝ Հունական և թուրքական հատվածների։

Հուլիսի 20-ը նշելու համար թուրքական Կիպրոս է այցելում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը, որն այս օրերին Թուրքիայում մասնակցում էր հինգ տարի առաջ հեղաշրջման փորձը տապալելու առիթով անցկացվող միջոցառումներին։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության պատգամավոր Ակիֆ Կըլըչը հուլիսի 14-ին դիմելով իր ադրբեջանցի գործընկեր, Ադրբեջանի խորհրդարանի արտաքին կապերի և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովին ասել է. «Կիպրական խաղաղարար գործողության 47-րդ ամյակին հուլիսի 20-ի միջոցառումներ են անցկացվելու մեր նախագահի մասնակցությամբ, և դուք կլինեք այնտեղ։ Մենք ձեզ շատ շնորհակալ ենք դրա համար։ Դա շատ կարևոր ուղերձ է աշխարհին։ Դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամության և եղբայրության մեծագույն արտահայտություն է և «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի գիտակցում»։

Սամեդ Սեյիդովն ի պատասխան ասել է․ «Այսօր մենք աշխարհին ենք փոխանցում Թուրքիայի և Ադրբեջանի միասնականության ուղերձը։ Ինչպես Թուրքիան և Ադրբեջանն են, մենք պետք է միավորենք ամբողջ թուրքական աշխարհը; Որոշ ժամանակ անց, Զանգեզուրյան միջանցքը բացվելուց հետո, մենք Նախիջևանից գնացք կնստենք ու կգանք Թուրքիա: Դա շատ կարևոր հարց է»։

Ադրբեջանից պաշտոնական պատվիրակության թուրքական Կիպրոս այցելելու հարցը քննարկվել էր դեռ ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցելության ընթացքում։

Կիպրոսի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի հովանու ներքո երկարամյա բանակցությունները կոնկերտ արդյունքների չեն հանգեցրել, չնայած նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Մասնավորապես 2014 թվականին այն ժամանակ Կիպրոսի նախագահն ու թուրքական հատվածի ղեկավարը համատեղ հուշագիր էին ստորագրել՝ հայտնելով միասնական, ֆեդերատիվ պետություն ստեղծելու մտադրության մասին։

Սակայն հիմա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը երկու պետություն ստեղծելու սկզբունքն է։ Թուրքական Կիպրոսի ներկայիս ղեկվարը կրկնում է Էրդողանի դիրքորոշումը։ Եվրամիության ղեկավարները դա անընդունելի են համարում։ 2004-ին Կիպրոսի Հանրապետությունը Եվրամիության անդամ է դարձել առանց թուրքական հատվածի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ավելի վաղ հայտնել է, որ հուլիսի 20-ին թուրքական Կիպրոսում հանդես է գալու կարևոր ուղերձով: Ակնկալվում է, որ Անկարան փորձելու է հասնել մի քանի երկրի կողմից թուրքական Կիպրոսի ճանաչմանը։ Հունական մամուլը օրերս գրել է, որ Պակիստանը, Ադրբեջանը, Լիբիան ու Բանգլադեշը պատրաստ են ճանաչելու թուրքական Կիպրոսը;

Երկու պետություն ստեղծելու գաղափարը հակասում է Կիպրոսի հարցով ԱՄԱ-ի ընդունած բանաձևին։

Անցած ապրիլին Ժնևում Կիպրոսի խնդրի կարգավորման 5+1 ձևաչափով բանակցությունները տապալվել էին, որովհետև Թուրքիան ու թուրքական Կիպրոսը նախապայմանների էին առաջ քաշել՝ պնդելով երկու պետություն ճանաչելու սկզբունքը։

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոսիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Բրյուսելը երբեք չի համաձայնի Կիպրոսում երկու պետություն ստեղծելու կարգավորման տարբերակի հետ։

«Ցանկանում եմ կրկնել, որ մենք կյանքում ոչ մի անգամ որոշում չենք ընդունեի երկու պետություն ստեղծելու հիման վրա։ Այդ հարցում մենք շատ միասնական ենք և ամուր դիրքորոշում ունենք», - հուլիսի 8-ին Կիպրոսի նախագահի հետ մամուլի համատեղ ասուլիսում ասել էր Եվրահանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով Եվրամիության դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG